Փաշինյանը խոսել է Հայաստանում ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարի մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով մարտի 17-ին այցելել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, խոսել է ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարի մասին: Այս մասին «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ուզում եմ ընդգծել, որ ճիշտ է բավական դանդաղ, բայց մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունում, որը բովանդակային կարևոր միջավայրի փոփոխություն է: Բայց նաև եկել ենք եզրակացության, որ այս դեպքում էլ բովանդակային միջավայրի փոփոխությունը պետք է կարողանանք զուգորդել ֆիզիկական միջավայրի փոփոխությամբ: Եվ այստեղ ես ուզում եմ շատ կարևորել ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը, որի իմաստը և տրամաբանությունը հետևյալն է՝ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի կամ մեծ մասի Երևան քաղաքի կենտրոնից տեղափոխումով — ցանկալի է Երևան քաղաքից դուրս, թեկուզ ոչ հեռու — ձևավորել և ստեղծել, կառուցել ակադեմիական քաղաք, որն իր միջավայրով, տրամաբանությամբ, քաղաքաշինությամբ կապահովի նոր բովանդակության ներմուծումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգ»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հետևողականորեն առաջ մղել այս նախագիծը, որովհետև մեր բազմաթիվ բուհեր այլոց շարքում ունեն նաև հետևյալ խնդիրը՝ իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատասխանում բարձրագույն կրթության ժամանակակից չափորոշիչիներին: «Շատ դեպքերում ուղղակի անհնար է այս իրավիճակը շտկել, հետևաբար, կարծում եմ, որ ակադեմիական քաղաքի հիմնադրումը պետք է դառնա բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրի մեր կարևոր անելիքներից մեկը»,- նշել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանը խոսել է նաև սպորտի զարգացման մասին՝ կարևորելով ուսանողական սպորտը՝ որպես կարևոր խթան սպորտի մասսայականացման և զարգացման համար: «Ցավով եմ արձանագրում, որ այս առումով էլ մեր բազմաթիվ բուհեր, օրինակ, ուսանողական սպորտի զարգացման կամ նույնիսկ գոյություն ունենալու համար պատշաճ պայմաններ չունեն: Այս առումով նույնպես չափազանց կարևոր եմ համարում ակադեմիական քաղաքի նախագիծը: Նաև օլիմպիական տարի է, այսօր կքննարկենք մեր անելիքները օլիմպիական տարում: Օլիմպիադան պետք է տեղի ունենար նախորդ տարում, բայց համավարակի պատճառով հետաձգվել է և այս տարի վստահաբար տեղի է ունենալու՝ համենայնդեպս, այդպես է ասվում և կտեսնենք, թե ինչ անելիքներ և ակնկալիքներ ունենք»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Փաշինյանը: