Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները փակուղի են մտել. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու դեպքեր նորագույն պատմությունը չի հիշում։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նորագույն պատմության մեջ նման բաներ դժվար է հիշել։ Այդպիսիք եղել են, սակայն դրանք պայմանավորված են եղել լարված միջազգային օրակարգով։ Այն, որ դա կապված լինի երկկողմ հարաբերությունների, իսկ իրականում՝ երկկողմ հարաբերությունների փակուղու հետ, իսկ այդ փակուղին ստեղծել է Վաշինգտոնը, նման դեպք չենք հիշում»,- ասել է Զախարովան Россия 1 հեռուստաընկերության եթերում։ Զախարովան նաև նշել է, որ Վաշինգտոնը ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններն է փակուղի մտցրել, այլ սեփական գաղափարախոսությունը։
«Այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի գործոնը, Ռուսաստանի դիվայնացումը սպառել է իրեն և հասել իր սահմանին»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հարցազրույցը ABC News հեռուստաընկերությանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին նրա հնչեցրած մեկնաբանությունները մեծ աղմուկ էին բարձրացրել։ Բայդենը Պուտինին անվանել էր մարդասպան, սպառնացել, որ նա կվճարի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար։ Ռուսաստանը ԱՄՆ-ում իր դեսպանին կանչել է Մոսկվա՝ խորհրդակցությունների։
auroranews.am