Այգեշատում գազալցակայանի տիրոջ որդին դանակահարել է աշխատակցին
Մարտի 14-ին Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում դանակահարություն էր եղել: Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց ժամը 15-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ որովայնի կտրած-ծակած վերքով 26-ամյա մի երիտասարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն արձանագրեցին, որ տուժողը Այգեշատում էր վնասվածք ստացել։ Սակայն նրանից կատարվածի հանգամանքները պարզելն անհնար էր. ի վիճակի չէր բացատրություն տալու։
Բժշկի հետ զրուցելուց հետո իրավապահները մեկնեցին Այգեշատ։ Պարզվեց՝ դեպքը գյուղի բենզալցակայանում էր եղել։ Վնասվածք ստացողն այնտեղ էր աշխատում։ Ավելի ուշ, դեպքի վայրի զննությամբ եւ ստացված տեղեկությունների համադրությամբ, պարզ դարձավ նաեւ, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել էր բենզալցակայանի տիրոջ 32-ամյա որդին։
Կասկածվողը Երեւանում էր բնակվում։
Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 15-ին նա ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին եւ ձերբակալվեց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։