Բուհական համակարգին պետք են ժամանակակից կրթական պայմաններ. ԿԳՄՍՆ-ն ակադեմիական քաղաք ունենալու մասին

Dumanyan

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ հայտարարությանը՝ նշեց, որ բուհական համակարգը պետք է ունենա ժամանակակից կրթությանը համապատասխան պայմաններ:

«Վարչապետը ներկայացրել էր ակադեմիական քաղաք ունենալու գաղափարը: Մեր կառավարությունը հաստատակամ է այս գաղափարն իրագործելու համար: Ակնկալվում է, որպեսզի լինի ակադեմիական քաղաք, որտեղ կլինեն հրաշալի, հարմարավետ պայմաններ՝ բուհական գործընթացը կազմակերպելու համար: Ես կցանկանամ, որպեսզի մեր բուհական համակարգն ունենա բուհական ժամանակակից կրթությանը համապատասխան պայմաններ՝ լսարանային, շենքային, հանրակացարանային, սննդային, սպորտային, գրադարանային, զբոսանքի և այլն: Ուսանողները պետք է կարողանան սովորել ավելի տրամադրող միջավայրում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարարը:

Պատասխանելով գաղափարի իրագործման ժամկետների մասին հարցին՝ Դումանյանն ասաց, որ այն բավականին բարդ է, ինչպես նաև մեծածավալ ծրագիր է:

«Ակադեմիական քաղաք կառուցելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ: Միայն շենքերի մի մասի վաճառքից ձևավորված գումարով հնարավոր չէ ստեղծել նման կառույց: Սա մեխանիկական տեղափոխություն չի լինելու, այսինքն չի լինի այնպես, որ Երևանում վաճառենք շենքերը և այլ վայրում կառուցենք»,- ասաց Դումանյանը:

Նրա խոսքով՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարը շատ ծավալուն է: Նախարարը հույս հայտնեց, որ գուցե գա այն օրը, երբ այդ գաղափարն իրագործվի:

Մարտի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կա գաղափար Երևանի բուհերի շենքերի մեծ մասը հանել վաճառքի և ձևավորված գումարով Երևանից դուրս կառուցել բուհական, ակադեմիական քաղաք։

Նա հայտնել էր, որ այդ քաղաքում կենտրոնացած կլինի բուհական, դասախոսական պոտենցիալը։ Փաշինյանը նշել էր, որ երևանյան բուհերում շենքային պայմնաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին:

 

Ձեզ կհետաքրքրի...