Հադրութը հանձնելուց երկու օր հետո ինչո՞ւ են երեխաներին խաբելով այդտեղ տարել․ Թովմասյան
Թագուհի Թովմասյանին դիմել էին զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք տեղեկատվություն էին խնդրում իրենց որդիների վերաբերյալ հարուցված քրեական գործերի ընթացքի մասին։ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծնողները խորը կասկածներ ունեն, որ հարուցված քրեական գործերի քննություն տեղի չեն ունենում և ցանկանում են, որ գործերը քննի ԱԱԾ-ն։
«Զինվորներ կան, որ ընդհանրապես պետք է առաջնագիծ չգնային։ Մի ամսվա զինվորին տարել են առաջնագիծ։ Մի տղա կար, որ վիրահատել են և վիրահատությունից երկու օր չանցած տարել են առաջնագիծ։ Այսինքն՝ այնպիսի բաներ են տեղի ունեցել, որոնք քրեական կամ քրեաիրավական բնույթի կասկածներ են առաջացնում, դրանք պետք է շատ արագ քննվեն և այդ հարցերի պատասխանները տրվի»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ պատերազմից արդեն չորս ամիս անցել է, բայց այդ վերքն անընդհատ բաց ենք թողնում և բորբոքում այս մարդկանց ցավը։
Թովմասյանը նշեց, որ, եթե մարդիկ պահանջում են, որ գործն ԱԱԾ-ն քննի, թող ԱԱԾ-ն քննի, ի վերջո, նրանք տվել են ամենաթանկը՝ իրենց երեխաներին։
Բացի դա՝ ծնողները պահանջում են, որ հրամանատարների մասով կոնկրետ քննություն կատարվի, որովհետև այդ հրամանատարները տարբեր հարցազրույցներ են տալիս ՝ պատմելով, որ օդի պաշտպանվածության խնդիր ունեին և զինվորների կյանքը չվտանգելու համար փոքր մեքենաներով են տեղափոխություն իրականացրել, մինչդեռ, Թովմասյանի փոխանցմամբ, ծնողները պատմում են, որ իրենց երեխաներին բեռնատարների թափքը բարձել են և ուղղորդել են կոնկրետ ճակատ։
«Հիմա, եթե իրենք մտավախություն ունեին, որ ԱԹՍ-ները հարվածելու էին, ինչպես կարելի է բեռնատարով զինվոր տեղափոխել՝ շատ լավ իմանալով, որ 50-60 հոգին ավելի մեծ թիրախ են և ավելի հեշտ կխոցվեն, քան՝ 3-4 հոգին, որ փոքր մեքենաներ նստեն»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ պետք է բացահայտվի գործը, չենք կարող հավերժ այս մարդկանց տանել ու բերել։
«76 մարդ է զոհվել, 76-ի ճակատագիրը մեզ չի հետաքրքրում հասկանանք՝ ինչ հանգամանքներում, ում պատճառով։ Ի վերջո՝ եթե Հադրութը մենք հանձնել ենք, Հադրութը հանձնելուց երկու օր հետո այս երեխաներին ու՞ր են տարել, ինչու՞ են տարել, ու՞մ ձեռքն են տարել։ Այս հարցերի պատասխանը պետք է տա քննությունը և այս ծնողներն օբյեկտիվ դժգոհություն ունեն։ Ընդ որում ՝ իրենք ասում են, որ խաբեությամբ են տարել, ասել են՝ տանում են ապահով վայր, ապահով վայրը հանձնված Հադրութ՞ն է եղել »,-ընգդծեց Թովմասյանը՝ հավելելով, որ ծնողներն ասում են, որ հանել են Ջալալ Հարությունյանի հրամանը, որտեղ գրված է որտեղ տանել, երբ տանել։ Թովմասյանի խոսքով՝ այդ հրամանը պետք է քննության ենթարկվի, ինչու է հրաման տրվել պատերազմը շարունակել այն վայրում, որ հանձնել ենք։
«Եթե իսկապես մարտնչում էինք, ուրեմն պետք է դիրքավորված մարտնչեինք, ոչ թե տանեին թողնեին մի տեղ, որտեղ կոտորվել են մարդիկ»,- նշեց Թովմասյանը։
auroranews.am