Մարտի 1-ին միակ բանը, որ արել եմ, արտակարգ դրություն հայտարարելն էր, ինչը պարտավոր էի անել. Քոչարյան

Qocharyan

Պատերազմի ժամանակ մեզ անընդհատ կերակրում էին ստերով, թե հաղթում ենք: Այս մասին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ես գիտեի` ինչ է տեղի ունենում, տեղեկացված մարդիկ գիտեին` ինչ է կատարվում, բայց հանրությանը պարզապես խաբում էին, այդ պատճառով ստորագրված համաձայնագիրը շատերի համար շոկային էր. եթե մենք անընդհատ առաջ էինք գնում, ինչպե՞ս է դա հնարավոր: Պարզվում է` ձախողումը հաջորդել է ձախողմանը, ոչ մի հաջող ռազմագործողություն տեղի չի ունեցել: Նորմատիվ բառապաշարով անհնար է արտահայտվել»,- ասել է նա:

Հարցին՝ ինչո՞ւ հեռացավ իշխանությունից, Քոչարյանը պատասխանել է. 

«Իմ՝ իշխանության ղեկին լինելու երկրորդ և Սահմանադրությամբ վերջին ժամկետը լրացել էր»:

Պոզները խոսել է 2008-ի մարտին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին, հետաքրքրվել՝ երկրորդ նախագահը դրանց համար պատասխանատվություն կրո՞ւմ է, քանի որ իրեն նման մեղադրանքն է առաջադրված, թե արյուն է հեղել: 

«Եղել են հետընտրական իրադարձություններ, արդեն ընտրվել է ՀՀ նոր նախագահ, իմ պաշտոնավարման ժամկետն ավարտին էր մոտենում, ապրիլի 9-ին ես իմ լիազորությունները վայր դրեցի: Այսինքն՝ խոսքն ամենևին էլ իմ իշխանության պահպանման մասին չէր: Եղել են փողոցային անկարգություններ, արտակարգ դրություն է հայտարարվել, ոստիկանության հետ բախումներ են սկսվել, դրանց հետևանքով երկու ոստիկան է մահացել, ավելի քան 180 մարդ վիրավորվել է՝ բեկորային վնասվածքներ են ստացել ու այրվածքներ»,- ասել է նա:

Քոչարյանը նշել է՝ միակ բանը, որ արել է, արտակարգ դրություն հայտարարելն էր, ինչը պարտավոր էր անել:

«Բառացիորեն մեկ շաբաթ առաջ ՀՀ ՍԴ-ն չեղարկեց օրենքի այն հոդվածը, որով ինձ մեղադրանք էր առաջադրվել՝ կապված այդ դեպքերի հետ».- ասել է երկրորդ նախագահը:

Ձեզ կհետաքրքրի...