ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում
Տաթևիկ Հայրապետյան. Պարոն նախարար, վերջերս մեր հանձնաժողովում Ձեզ հետ հանդիպման շրջանակներում Դուք շեշտեցիք, որ մեզ անհրաժեշտ է ուժեղ համանախագահություն, և խոսեցիք ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետության և ակտիվության բարձրացման մասին: Երեկ համանախագահները համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել, նաև խոսել պատրաստակամության մասին՝ միջնորդելու քաղաքական երկխոսության վերականգման հարցում: Կցանկանայի Ձեր դիտարկումները լսել այդ հարցում և նաև հնարավոր երկխոսության վերականգնման վերաբերյալ Ձեր մոտեցումները:
Արա Այվազյան. Առաջին՝ հայտարարության մեջ համանախագահները հստակ ընդգծում են, որ ժամանակն է ուշադրություն դարձնել հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորմանը` կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այս առնչությամբ ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է. այն է, որ միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և որը կորոշի Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում:
Երկրորդ՝ համանախագահները փաստում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվել, և կոչ են անում քայլեր ձեռնարկել՝ մարդասիրական իրավունքի շրջանակներում գերիների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձության, Արցախ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի և մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության վերաբերյալ: Սա ևս մեկ անգամ միջազգային հանրության, այս անգամ՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, հերթական կոչն է Ադրբեջանին՝ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած հանձնառություններն ու միջազգային պարտավորությունները և հրաժարվել ապակառուցողական դիրքորոշումներից, որոնք կարող են վտանգի տակ դնել նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական իրականացումը:
Երրորդ՝ համանախագահները կոչ են անում անհապաղ սկսել բարձր մակարդակով խորհրդակցություններ: Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, բայց որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան, նախևառաջ, պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար և նաև ձևակերպել հստակ օրակարգ:
Ադրբեջանն իր ռազմատենչ, ապակառուցողական, հայատյաց հայտարարություններով և դիրքորոշումներով խոչընդոտում է նման մթնոլորտի ձևավորմանը: Ես կարծում եմ, որ, վերհիշելով այն, ինչ ես ասել եմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որ ուժեղ համանախագահությունը կարող է նպաստել այդ վստահության մթնոլորտի ձևավորմանը, առավել թիրախային հասցեագրել կողմերից մեկին, այս դեպքում՝ Ադրբեջանին, որ պետք է զերծ մնա հակահայկական թշնամական քարոզչությունից և գործողություններից: