Մարդուն ասում եք՝ գնա խոսա, հետո ասում եք՝ գործարքի մեջ ես, որ հեղաշրջում անես. Մարուքյանը՝ Փաշինյանին
Մարդուն ասում եք՝ գնա խոսա, հետո ասում եք՝ գործարքի մեջ ես, որ հեղաշրջում անես։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
«Դուք եղել եք ՊՆ բունկերում նոյեմբերի 10-ի գիշերը, երբ այնտեղ սկսել են մարդիկ գալ և ցույցեր են սկսվել, Դուք քննարկման արդյունքում Օնիկ Գասպարյանին հանձնարարել եք հանդիպել տարբեր քաղաքական ուժերի լիդերներին, այդ թվում՝ ես եմ հանդիպել։ Դուք ասել եք՝ հանդիպի այդ մարդկանց հետ, որոնք գալիս են ՊՆ շենքի վրա, ԱԺ վրա, գալիս են կառավարական տների վրա, խոսիր այդ մարդկանց հետ։ Հիմա պարզվում է՝ Դուք լիազորել եք, որ հանդիպի ու խոսի, հետո ասում եք՝ դու նրանց հետ խոսել ես, համագործակցում ես, ուզում ես հեղաշրջում անել։ Այդպե՞ս է, թե այդպես չէ »,- նշեց Մարուքյանը։
Փաշինյանն էլ հայտարարեց, որ ինքը շատ հստակ գիտի ում հետ հանդիպելու թույլտվություն է ստացել Օնիկ Գասպարյանը և ում հետ հանդիպելու թույլտվություն չի ստացել։
«Ինքը գիտեր, որ բոլոր բարձրաստիճան զինվորականներն իրավունք ունեն քաղաքական շփումներ ունենալ միայն իմ թույլտվության պարագայում։ Ես գիտեմ, որ ձեզ հետ հանդիպել է, ես թույլ եմ տվել, որ ձեզ հետ հանդիպի, գիտեմ, որ հանդիպում է եղել ամսի 10-ին, ես թույլ եմ տվել։ Ես գիտեմ ինչի մասին եմ խոսում »,- նշեց Փաշինյանը։