Ես չեմ ուզում՝ կինս մահացած կամ խեղված երեխա լույս աշխարհ բերի. Լոռիում տապալեցին հանքի շահագործման թեմայով լսումները
Լոռու մարզում նախատեսվում է նոր՝ պղնձի ու ոսկու հանքերի շահագործում, ինչն առաջացրել է բնակիչների ու բնապահպան ակտիվիստների մտահոգությունները:
«Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊ ընկերության ներկայացուցիչներն այսօր նախատեսել էին հանրային քննարկումներ իրականացնել մարզի Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի, Դեբետ, Եղեգտնուտ եւ Քարաբերդ համայնքներում:
Նկատենք, որ տարիներ շարունակ մի շարք հետազոտական ընկերություններ ահազանգում են Թումանյանի տարածաշրջանի բնակչության առողջական խնդիրների վերաբերյալ, որը հանքարդյունաբերության հետեւանք է:
Ընկերության ներկայացուցիչների հետ էր նաեւ սոցապ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ով հայտարարեց, որ որոշել են նաեւ մարզում հանքային տուրիզմը զարգացնել, իսկ ինքն էլ «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊ ընկերության՝ տուրիզմի գծով խորհրդականն է: Թե ինչ է իրենից ենթադրում հանքային տուրիզմ ասվածը, Խաչիկյանն այդպես էլ չկարողացավ պարզաբանել, փոխարենը հորդորեց կայքերում որոնել:
Մարգահովիտի բնակիչ Արսեն Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ նոր բացվող հանքին միանշանակ դեմ է, պատճառը՝ նախկին հանքերի ու հանքերի տարածքում ապրող մարդկանց առողջական վիճակն է, իսկ ինքը չի կարող թույլ տալ, որ նույնը նաեւ իրեն ու իր ընտանիքին սպառնա. «Արոտավայրերը վերացնելու են, այդ ամբողջ փոշին խառնվելու է ջրին, հողին, թունավորելու են մեր կյանքը, սա անթույլատրելի է»,-ասաց նա:
«Լոռու տուրիզմի զարգացման» կենտրոնի տնօրեն, «Ռաֆթինգը Հայաստանում» ընկերության ղեկավար Գեւորգ Վարդանյանն էլ ասում է՝ նոր հանքերը վերջակետ կդնեն մարզում զբոսաշրջության զարգացմանը: Մարզում էկոլոգիապես մաքուր չնչին հատված է մնացել, այսօր, ըստ Վարդանյանի, փորձում են դա էլ վերացնել. «Մարզի 5 համայնքներում նոր հանքեր են ուզում բացել, այդտեղ զբոսաշրջության մասին այլեւս հնարավոր չի լինի խոսել, իսկ այն, որ ասում են, թե ուզում են հանքային տուրիզմ զարգացնել, թող իրենց հանքային տուրիզմը գնան Ախթալայում, Շամլուղում, Թեղուտում ու Արմանիսում շարունակեն, իսկ այն հատվածը, որը մաքուր է մնացել մինչ օրս, չենք թույլ տալու ապականել, սեփականատերերի նշած տնտեսական աճն էլ միայն բաժնետերերն են զգալու, անգամ հանքում աշխատողները հետագայում իրենց այդ աշխատավարձը ծախսելու են իրենց առողջության պահպանման վրա, որի դառը փորձը արդեն մենք ունենք: Միանշանակ ասում եմ՝ հանք այդ համայնքներում չի բացվելու»:
Հանրային լսումը տապալվեց նաեւ Վահագնաձորում: Այստեղ եւս ընկերության ներկայացուցիչները չկարողացան մտնել համայնքապետարան, իսկ հետո՝ հեռացան: Տապալված հանրային լսումները արձանագրվեցին համայնքապետի կողմից:
Ընկերության ներկայացուցիչները, սահմանված գրաֆիկով պետք է մյուս համայնքներ եւս այցելեին, սակայն տեսնելով Մարգահովիտում ու Վահագնաձորում տիրող մթնոլորտը, այլ համայնքներ չայցելեցին:
Ընկերության ներկայացուցիչներից Մհեր Պողոսյանը ՀԺ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ավելի շատ ոչ թե բնակիչներն են դեմ հանքի շահագործմանը, այլ ուրիշ տեղից եկած բնապահպանները. «Ու լրիվ ինձ թվում է անօրինական է, գյուղապետարանի դուռը փակել են, չեն թողում մենք հանրային լսում անենք ու մեր նախագիծը ներկայացնենք, որ ընդամենը հետախուզական աշխատանքներ են լինելու, բայց արդեն սարքել են հանքի շահագործում, գործարանի կառուցում՝ վտանգավոր պոչամբարներով»:
Ընկերության ներկայացուցիչները պնդում են՝ իրենք ներկայումս ցանկանում են միայն հետախուզական աշխատանքներ կատարել, բայց դրանից հետո, եթե տվյալները լավը եղան, հանքն անպայման կշահագործեն: Բնապահպաններն ու համայնքների բնակիչները ներկայացուցիչների պարզաբանումները «լոլոներ» որակեցին, մեկ անգամ եւս պնդելով՝ մարզում նոր հանք չի բացվելու:
«Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ընկերությունը, ըստ մարզ այցելած ներկայացուցիչների, չեխական ընկերություն է, թե ովքեր են ղեկավարները, այդպես էլ ազգանուններ չկարողացան նշել՝ պատճառաբանելով, թե չեխական ազգանուններն արտաբերելը դժվար է:
Նոր հանքեր բացելու թեման բուռն քննարկվում է նաեւ սոցիալական ցանցերում: Բոլորին է հայտնի Արմանիսի, Թեղուտի, Ախթալայի ու Շամլուղի հանքարդյունաբերության հետեւանքները, դրանց վնասակարությունն ու շրջակա միջավայրի վրա թողած ազդեցությունը:
Հիշեցնենք, մեկ հանք էլ որոշել էին Լոռիում բացել դեռ 2017թ-ին՝ Արդվիում, որը բնակչության ջանքերով ի սկզբանե տապալվեց, իսկ ծրագիրը՝ չեղարկիվեց: Լոռեցիները վստահ են՝ Արդվիի օրինակը շարունակական է լինելու:
armtimes.com