Խստացվել է վերահսկողությունը սեղմված բնական գազի, հեղուկացված ածխաջրածնային գազերի և նավթամթերքի ոլորտներում

Khstacvel e

Սույն թվականի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում, որոնք ուժի մեջ են մտնելու 07.06.2021-ին: Կատարված փոփոխությունները նախատեսում են.

 

  • Հեղուկացված ածխաջրածնային գազերի լցակայաններում տնտեսավարողը պարտավոր է ցուցադրել տեղեկատվություն հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի վերաբերյալ՝ կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք:
  • Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է վառելիքաբաշխիչ սարքավորումների մոտ տեղադրել ստուգաչափված տարա և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքը իրականացնել այդ տարայի միջոցով (Սույն կետն ուժի մեջ է մտնում Կառավարության կողմից հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատելու օրվան հաջորդող 60-րդ օրը):

 

Բարձրացվում է գազի և բենզինի լցակայաններում չափագիտական կամ վառելիքի որակին առնչվող խախտումների համար սահմանված տուգանքների չափը, քանի որ դրանք մինչ այժմ եղել են չափազանց ցածր և չեն կատարել իրենց զսպող-պատժող գործառույթը: Ըստ կատարված փոփոխությունների նախատեսվում է.

 

  • Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող հեղուկ վառելիք, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազեր վաճառելն առաջացնում է տուգանքի նշանակում մեկ միլիոն դրամի չափով (նախկինում սույն խախտման համար սահմանված էր տուգանք 50-100 հազար դրամի չափով): Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով (երկու միլիոն դրամ):
  • Բենզալցակայաններում ու գազալցակայաններում տեսակը չհաստատված և չստուգաչափված չափման միջոցներով վաճառք իրականացնելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում հինգ հարյուր հազար դրամի չափով (նախկինում սույն խախտման համար սահմանված էր տուգանք 50-100 հազար դրամի չափով): Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով (մեկ միլիոն դրամ):
  • Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (երկու հարյուր հազար դրամ): Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (հինգ հարյուր հազար դրամ):
  • Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետում վաճառողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պահանջներին համապատասխանող ստուգաչափված տարա չունենալը և (կամ) դրա չափագիտական կանոնները և նորմերը խախտելը կամ տեղադրման և կիրառման կարգը խախտելը կամ սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքը այդ տարաների միջոցով չիրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (հինգ հարյուր հազար դրամ): Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով (մեկ միլիոն դրամ):

 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն, առաջնային համարելով տնտեսավարողների ու քաղաքացիների շրջանում իրազեկման և կանխարգելման իր գործառույթը, հորդորում է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքով զբաղվող տնտեսավարողներին՝ գործունեության ընթացքում թույլ չտալ խախտումներ, որոնք կվտանգեն քաղաքացիների անվտանգությունը, քաղաքացիներին կպատճառեն դրամական վնաս, և կհանգեցնեն տվյալ տնտեսավարողներին վարչական պատասխանատվության ենթարկելու: 

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Ձեզ կհետաքրքրի...