«Հերոսների վերականգնողական քաղաք» նախագիծն իրագործման փուլում է

herosner

Վաղը՝ ժամը 11-ին, Պռոշյան համայնքում տեղի է ունենալու ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաք նախագծի հիմնարկեքի արարողությունը: Առաջին շենքի հիմնարկեքն է կատարվելու: Տեղի է ունենալու հերոս Վարդան Ամալյանի անվան պուրակի բացումը: Տնկվելու է 100 ծառ: Ծառատունկը նվիրվելու է ապրիլյան քառօրյայի նահատակների հիշատակին: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը:

Նախագիծն իրականացվում է անհատների, բարերարների, այլ կազմակերպությունների կողմից: Այգու հիմնադրմանը ֆինանսական աջակցություն ու ծառերի տեսակներ է տրամադրել Շրջակա միջավայրի նախարարությունը:

Նախատեսվում է ծրագիրն իրականացնել երեք փուլով: Կարճաժամկետ փուլում հիմնվելու է այգին, բացօթյա տարածքում կլինեն վերականգնողական սարքեր: Կլինի հոգեբանական գրասենյակ: Միջնաժամկետ փուլում երեք շենք են պատրաստվում կառուցել՝ «ԱՅ-ԹԻ» ոլորտի մասնագետների համար տեղ է լինելու, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաներ են սովորեցնելու, հոգեբանական կենտրոնի շենք և վերականգնողական կենտրոնի համար նախնական մասնագետների վերապատրաստման շենք: Ամենավերջում նպատակ ունեն 1000 քառ. մետր երկհարկանի մեծ վերականգնողական հոգեբանական կենտրոն ստեղծել՝ գիշերակացով:

Անդրադառնալով մասնագետների համալրմանը՝ Արեենցն ասաց.

«Պատերազմի օրերից սկսած՝ մենք գերմանական և հունական ընկերությունների հետ ունենք պայմանավորվածություն, ինչպես նաև Արցախի «Քոքսի» վերականգնողական կենտրոնի հետ, որոնք արդեն սկսել են մասնագետների վերապատրաստումը: Նաև բանակցություններ են ընթանում Հայաստանում գիտությունների թեկնածու և դոկտոր հոգեբանների հետ, որոնք համախմբված ցիկլով պատրաստվում են մեծ վերականգնողական հոգեբանական կլինիկայի համար մասնագետներ վերապատարստել»:

«Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը հայտնեց, որ վաղը՝ ժամը 10-ին, թատերական ինստիտուտի մոտ կլինեն մեքենաներ, որոնք Պռոշյան համայնք կտեղափոխեն այն քաղաքացիներին, որոնք կցանկանան մասնակցել:

 

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...