Եվրահանձնաժողովը պատրաստ է խթանել զբոսաշրջությունը Եվրոպայում՝ թույլատրելով պատվաստվածների մուտքը
Եվրահանձնաժողովն առաջարկել է թույլ տալ Եվրամիության անդամ երկրներ մուտք գործել ոչ անդամ երկրների այն քաղաքացիներին, որոնք ամբողջությամբ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ՝ օգտագործելով Եվրոպական դեղերի գործակալության (EMA) կողմից հաստատված պատվաստանյութերը, ներկայացնում է Euronews-ը:
Այսօրվա դրությամբ EMA-ն հաստատել է չորս պատվաստանյութեր՝ Pfizer-BioNTech-ը («Պֆայզեր-Բիոնտեք»), Moderna-ն («Մոդեռնա»), AstraZeneca-ն («ԱստրաԶենեկա») և Janssen-ը (Johnson & Johnson) («Ջոնսեն»):
Ընդունվում են նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում օգտագործման կարգավիճակ ստացած պատվաստանյութերը: Այս ցուցակը ներկայումս համարժեք է EMA-ին, չնայած առաջիկա օրերին սպասվում է որոշում Չինաստանի Sinopharm-ի և Sinovac-ի վերաբերյալ:
Քաղաքացիները պետք է առաջարկած պատվաստանյութի վերջին դոզան ստանան ժամանումից 14 օր առաջ:
Հանձնաժողովը նաև ցանկանում է, որ ԵՄ անդամ երկրները լիարժեք պատվաստված զբոսաշրջիկների համար վերացնեն ճանապարհորդության բոլոր սահմանափակումները, ինչպիսիք են թեստավորումներն ու կարանտինը ժամանումից անմիջապես հետո: Սա պետք է վերաբերի ինչպես ԵՄ, այնպես էլ ոչ ԵՄ քաղաքացիներին:
Պատվաստումներին զուգահեռ ԱՀԿ-ն, այնուամենայնիվ, պնդում է, որ «պատվաստանյութերի արդյունավետությունը վարակի փոխանցումը կանխելու հարցում դեռ վերջնական ճշտված չէ»:
Պատվաստումներից բացի՝ Հանձնաժողովը նաև խորհուրդ է տալիս ընդլայնել այն երկրների ցանկը, որտեղ «համաճարակաբանական իրավիճակը «լավ» է գնահատված»: Այս ցուցակում առայժմ ընդգրկված է յոթ երկիր՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սինգապուրը, Հարավային Կորեան, Թայլանդը և Չինաստանը: