Հայ-ադրբեջանական սահմաններին ռազմական տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ են. Ջեյք Սալիվանը՝ Իլհամ Ալիևին

Ilhamin

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վերջին զարգացումների թեման:

Ջեյք Սալիվանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղություն, անվտանգություն ու բարօրություն հաստատելու ԱՄՆ հանձնառությունը: 

Սպիտակ տան հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ դեմարկացիայի չենթարկված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերն անպատասխանատու և սադրիչ են: Նա ողջունել է երկու կողմերի միջև շարունակվող շփումները և խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու երկու ղեկավարների հանձնառությունը»:

Միաժամանակ նա նշում է երկու երկրների միջև միջազգային սահմանների դեմարկացիայի վերաբերյալ պաշտոնական քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Սալիվանը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ հասնելու տարածաշրջանային հաշտեցման ինչպես երկկողմ հարաբերությունների միջոցով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Ավելի վաղ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:

Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

 

Ձեզ կհետաքրքրի...