Արտաշատ-Մեղրի ճանապարհ, ներդրումային ծրագրեր, նոր չվերթներ․ Իրանի նախարարը ներկայացնում է համատեղ նախագծերը

chanaparh

 Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, դրա մասին են վկայում երկկողմ օրակարգում քննարկվող հարցերը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին, ով մայիսի 24-ին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան և հանդիպել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու կողմի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, ազատ տնտեսական գոտիների գործարկմանը,ճանապարհաշինության ոլորտին և ներդրումային ծրագրերին։

Մոհամմադ Էսլամիի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարևան երկրների հետ հարաբերությունները միշտ պահում է իր ուշադրության ներքո, իսկ Հայաստանի Հանրապետությանը, որի հետ ունի կայուն պատմական և վաղ անցյալից եկող հարաբերություններ, հատուկ կարևորություն է տալիս։

«Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2020 թվականին կազմում էր 400 միլիոն դոլար։ Իհարկե, սա եղել է կորոնավիրուսային համավարակի պայմաններում, երբ բազմաթիվ երկրների միջև ապրանքաշրջանառության մակարդակը  ավելի ցածր է եղել։ 2021 թվականի առաջին ամիսների ընթացքում արդեն իսկ աճ ենք նկատում։ Երկու կողմերի կամքը խոսում է այն մասին, որ ապրանքաշրջանառության մակարդակը պետք է հասցնել 1 միլիարդ դոլարի։ Եվ այս նպատակը իրատեսական է։ Իրանը, որն այս պահին Հայաստանի առևտրային չորրորդ գործընկերն է, եթե այսպես շարունակի, ավելի բարձր դիրքում կլինի»,- ընդգծեց Էսլամին։

Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարը ներկայացրեց մի քանի ծրագրեր, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Առաջինն, ըստ նախարարի, շինարարության ոլորտում Իրանի մասնակցությունն է, հատկապես ենթակառուցվածքների զարգացման նախագծերում, որն իր հերթին կարող է նպաստել արդյունաբերական ոլորտի զարգացմանը, համատեղ արտադրությունների ստեղծմանը, համատեղ ծրագրերում երկու երկրների ներդրողների ներգրավմանը։

Խոսելով «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածների կառուցման աշխատանքներին ներգրավվելու իրանական կողմի  հետաքրքրվածության մասին` նախարարը նշեց. «Շինարարական ոլորտում երկու կարևորագույն առանցքային ծրագրեր կան, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգում։ Ծրագրերից մեկը ճանապարհաշինության ոլորտին է վերաբերում՝  Արտաշատ-Մեղրի, որը մի քանի փուլերով պետք է իրականացվի։

Կարևորագույն և հրատապ լուծում է պահանջում Սիսիան-Քաջարան և Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածը, որն ընդհանուր 92 կիլոմետր է։ Իրանական ընկերությունները պատրաստակամ են այդ նախագծերում իրենց մասնակցությունն ունենալ։ Մենք պետք է առաջնակարգ իրանական ընկերություններից մի կոնսորցիում ստեղծենք։ Այդ ընկերությունները մասնակցություն կունենան և ծրագրերի նախագծման, և ֆինանսավորման, ինչպես նաև իրագործման մեջ»։

Ըստ Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման առանցքային հարցերից է «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Այն, ըստ նախարարի, արդեն համաձայնեցվել է հայկական կողմի հետ։

«Այս այցի ընթացքում կառուցողական քննարկումներ ենք ունեցել, ըստ որոնց՝ հայկական և իրանական բեռնատարները կարող են միմյանց երկրներ մինչև երկրի խորք մուտք գործել և փոխադարձ նվազեցնել ճանապարհային տուրքերը, որպեսզի խրախուսենք բեռնափոխադրող ընկերություններին, որոնք ցանկություն ունեն տարանցիկ փոխադրումներ իրականացնել»,- ասաց նախարարը։

Խոսելով ուղևորափոխադրման ոլորտում համագործակցության մասին, Մոհամմադ Էսլամին հայտնեց, որ հայկական կողմի հետ ընդհանուր համաձայնության են եկել Երևան-Սպահան և Երևան-Քիշ ուղիղ չվերթներ իրականացնելու վերաբերյալ։

«Փաստորեն այս առանցքային հարցերի քննարկումը վկայում է Իրանի Իսլամական Հանրապետության լուրջ կամքի դրսևորման մասին՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու և ավելի բարձր մակարդակի հասցնելու առումով։ Հուսով եմ Հայաստանի կառավարությունը կկարողանա պայմաններ ստեղծել, որպեսզի կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել»,- եզրափակեց Մոհամմադ Էսլամին։

Կարեն Խաչատրյան

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

 

Ձեզ կհետաքրքրի...