ԵՄ-ը պատրաստ է բոլոր գործիքներն օգտագործել Թուրքիայի վարքագիծը փոխելու համար. Շառլ Միշել
Եվրամիությունը «պատրաստ է օգտագործել իր զինանոցի բոլոր գործիքները» Թուրքիայի վարքագիծը փոխելու համար: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ փոխանցում է Ahval-ը:
Բելգիացի քաղաքական գործիչը հայտարարել է, որ զգուշավոր է Անկարայի մտադրությունների հարցում, և հավելել, որ արևմտյան դաշինքի նկատմամբ բռնապետական պետությունների մարտահրավերները մշտապես աճում են:
Շառլ Միշելի խոսքով՝ Եվրամիությունը հնարավորություն ուներ արտահայտելու իր հզոր ու միասնական դիրքորոշումը Թուրքիայի իշխանության հանդեպ: Եվրախորհրդի նախագահն ավելացրել է, որ այս հարցը համակարգում են եվրոպական կառույցի 27 անդամ երկրների, մասնավորապես՝ Հունաստանի ու Կիպրոսի հետ:
«Մենք շատ հստակ ուղերձ ենք հղել, մենք պատրաստ ենք ավելի դրական օրակարգի, սակայն այն պայմանական է, համամասնական ու շրջելի: Սա նշանակում է, որ այն կարող է իրականացվել, եթե առաջընթաց գրանցվի տարբեր հարցերում, մասնավորապես՝ թուրք-հունական հարաբերություններում, Կիպրոսի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Ամեն ինչ կախված է Թուրքիայի վարքագծից»,-հայտարարել է Շառլ Միշելը:
«Անցյալում մենք նկատել ենք, որ Թուրքիան կարող է մեկ քայլ առաջ անել, այնուհետև՝ երկու քայլ հետ: Մենք միամիտ չենք: Թուրքիան հարևան երկիր է, այն ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն Եվրամիության համար հիմնարար է համոզվել, որ այդ երկիրը դրական դիրքորոշում ունենա եվրոպական շահերի նկատմամբ, ինչպիսիք են Լիբիան, Սիրիան և Կովկասը: Նախկինում այս հակամարտությունների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը չէր բխում Եվրամիության շահերից: Մենք պատրաստ ենք մեր զինանոցում ունեցած բոլոր գործիքներն օգտագործել Թուրքիայի վարքագծի վրա ազդելու համար»,-հայտարարել է Եվրախորհրդի ղեկավարը: