Խոշտանգման դեպք ոստիկանական բաժանմունքում․

ahazang

 «Մայիսի 30-ի երեկոյան  ոստիկանները խոշտանգել են  հանցագործություն կատարելու մեջ կասկածվող Սամվել Հասանյանին»,-այս մասին ահազանգում է փաստաբան Արայիկ Պապիկյանը։

   Նրա նկատմամբ բռնություն է գործադրվել ինչպես բերման ենթարկվելիս, այնպես էլ ոստիկանության Վանաձորի բաժնում․ « Ոստիկանի համազգեստով կամ քաղաքացիական հագուստով բազմաթիվ անձինք նրան հասցել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ՝ գլխի, որովայնի, թեւերի շրջանում։ Վնասվածքները բազմաթիվ են»։

Ըստ Սամվել Հասանյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի՝  իր ահազանգից հետո մինչ այս պահը  որեւէ գործողություն չի կատարվել իրավապահների կողմից, թեեւ փաստի առիթով հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն։

 Դեպքից մեկ օր հետո քննիչը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Որքան էլ որ տարօրինակ է,  ըստ փաստաբանի,  դատաբժշկական փորձաքննություն նշանակելու որոշման մեջ   նշվել է․ «Սամվել Հասանյանը բերման ենթարկվելու ժամանակ դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին, որի արդյունքում դիպել է ավտոմեքենայի դռների եզրային մասերին, ընկել ասֆալտապատ գետնին եւ ստացել  մարմնական վնասվածքներ»։

  Այսպիսի ցուցմունքներ տվել են նրան բերման ենթարկող ոստիկանության աշխատակիցները։

 «Որքան էլ  վարչապետը, ոստիկանապետը կամ Արդարադատության նախարարը խոսում են  բարեփոխումների մասին,ոստիկանությունը, սովետական միլիցիայի կանոններով,  բռնությունից զատ ոչինչ չի կարողանում անել»,- ցավով է նշում Արայիկ Պապիկյանը։

Սամվել Հասանյանին երկու անգամ ներկայացրել են քաղաքացիական հիվանդանոց՝ զննության ենթարկելու։ Առաջին զննությունից հետո պարզվել է, որ համակարգչային տոմոգրաֆիայի անցկացման  կարիք ունի։ Բայց քանի որ վարույթն իրականացնող մարմինի համապատասխան գրությունը չի եղել, այդ պետպատվերով հետազոտությունը չի կատարվել։  Եթե Սամվել Հասանյանը վճարեր հետազոտության համար, ապա, փաստաբանի կարծիքով, կպարզվեր  գլխուղեղին հասցված վնասվածները։

  Սամվել Հասանյանը կալանավորվել է գողությանն օժանդակելու հոդվածով՝ երեք ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա։

Ձեզ կհետաքրքրի...