Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Արտաշատում. 21-ամյա երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր զոհին. ժամանել են մարզի, տարածքի ոստիկանապետերն ու քննչականի պետերը.
Այսօր՝ հունիսի 12-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկը, որտեղից մարմնի տարբեր մասերում դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, ով որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանն ու Արտաշատի քննչական բաժնի պետ Կարեն Թադևոսյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի 3-րդ տան բնակչուհի՝ 59-ամյա Նունե Ն-ն է, ով տեղափոխվել է իր տանից։ Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով սպանության վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ին։ Պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել Նունե Ն-ի տան խոհանոցային հատվածում, որտեղ հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորիկ Այվազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Ն. Այվազյանի որոշմամբ Կարեն Մ-ն, որպես կասկածյալ, ձերբակալվել է։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր սպանվածի հարազատներն ու հարևաններն էին, հրաժարվելով ֆոտոխցիկի առջև խոսել, ասում էին. «Ամեն ինչ ակնթարթային եղավ: Հարսը՝ նորածին երեխան գիրկն է եղել, երբ սպանություն կատարողը մտնում է տուն ու ձեռքին եղած երկու դանակներով սկսում հարվածներ հասցնել իր զոհին: Հարսը աթոռով փորձում է պաշտպանվել, սակայն նա հրում է հարսին ու նորից սկսում անկանոն դանակի հարվածներ հասցնել: Շտապօգնությունը շուտ եկավ ու վիրավորին տեղափոխեց, բայց նա հաստատ արդեն մահացել էր: Տականքը իր սև գործն անելուց հետո՝ իր հողաթափերը թողնելով հանցանքի վայրում, դիմում է փախուստի: Ու մինչ հիվանդանոցից տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Նունեն մահացավ, իմացանք, որ էս մեր Արտաշատի ոստիկանները դրան սահմանի մոտ՝ Ford ավտոյով, բռնել են: Ճիվաղը չի հասցրել փախնել, էլի»: Ոստիկանների հայտնաբերած Ford մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են արնանման հետքեր, 2 միանման դանակ, որոնց վրա առկա են արնանման հետքեր: Քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի