«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը

Pahanj

Պահանջում ենք քննչական մարմնից և դատախազությունից անհապաղ վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի ձերբակալումը

Քիչ առաջ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց և հաստատեց զավեշտի հասնող տեղեկությունը, թե իբր Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը խոչընդոտել է հեռացող իշխանության հավաքին մասնակցել ցանկացողին: Նախ, կապ ենք հաստատել Գորիսի մեր գործընկերների հետ և պարզել ենք, որ համատարած իրավապահների ճնշումներ, ինչ-որ ցուցմունքներ կորզելու օպերացիաներ են իրականացվում:
Հերթական անգամ իրավապահները որպես գործիք են օգտագործվում «Հայաստան» դաշինքի դեմ, ինչը կրկին արդյունք չի տալիս:
Իրավական աբսուրդը նրանում է, որ հենց երեկ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվեցին բազմաթիվ դեպքեր, նույնիսկ փաստեր հունիսի 17-ի հանրահավաքին մարդկանց հարկադրանքի միջոցով մասնակից դարձնելու, աշխատանքից ազատելու, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ, ընդհուպ մինչև հոգեբուժական հաստատություններից:
Քննչական կոմիտեն որևէ հայտարարությամբ այդ դեպքերով հանդես չի եկել:
Նման վարքագծի արդյունքում պնդում ենք, որ այս ամենը քաղաքական հետապնդում է՝ պայմանավորված ընդդիմադիր հայացքներով, և պահանջում ենք քննչական մարմնից և դատախազությունից անհապաղ վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի ձերբակալումը:
Պահանջում ենք ընդհանրապես դադարեցնել նման ապօրինի ճնշումները:

Ձեզ կհետաքրքրի...