Աջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»

Ajapnyak

 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։ Նա դիմումը ներկայացրել է ընտրություններից մեկ օր անց՝ հունիսի 21-ի ուշ գիշերը, որը, մեր տեղեկություններով, երեկ հաստատվել է։

Ավելին՝ այժմ վարչական շրջանի նոր ղեկավարի փնտրտուքներ են ընթանում։ Մենք տեղեկացանք որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անգամ դիմել է կուսակցություն թեկնածու ներկայացնելու համար։ Այս պահին հավանական թեկնածուներ կան, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացել։

Նշենք, որ Մհրյանի հեռանալու պատճառը ընտրությունների արդյունքները չեն, այլ դրանից երկու օր առաջ՝ ուրբաթ օրը, Աջափնյակի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպն է եղել ՔՊ-ականների հետ։ Նշենք, որ, մեր տեղեկություններով, այդ օրը մի քանի ՔՊ-ականներ՝ նախկին նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են թաղապետարան՝ անձամբ Մհրյանի աշխատասենյակ, եւ նրան ու տեղակալներին մեղադրել են չաշխատելու մեջ։

Ավելին, ասել են, թե ընտրություններից հետո զբաղվելու են նրանցով, սակայն ինչպես ասում, են շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ընտրություններից մեկ օր հետո վարչական շրջանի ղեկավարներն ու նրա տեղակալներն են անձամբ հեռանալու դիմում ներկայացրել։ Մենք տեղեկացանք, որ մինչ այժմ էլ Մհրյանը բազմիցս հակասություններ է ունեցել ՔՊ-ի հետ եւ հաճախ ղեկավարության կողմից հանձնարարականներ է ստացել, որոնք իր սրտով չեն եղել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ձեզ կհետաքրքրի...