Պարտված բարոյականություն… Սոֆյա Հովսեփյան
Պարտված բարոյականություն…
2020 թ. նոյեմբերի 23֊ն էր , զանգ ստացա Արցախից .
«Սոֆյա ջան, մենք 360 տղեքով չիդեմ ուր ենք , զենքերը վրեքս արդեն չորս օր էլ անձրևի տակ ,մեզի բերել են մե գոմիմ մեջ , ոչ կռիշ կա ոչ դուռ ու լուսամուտ , ոչ ուտելիք կա ոչ էլ տեր կանգնող, սաղս զենքերով չգիտենք ինչ էնենք, եդեվներիցս էգող չկա , անդերուդուս վիջագ է»: (փորձել եմ բառացի հիշել,քանի որ երկար ժամանակ է անցել կարող է մի բառ էս ու էն կողմ լինի, բայց բովանդակությունը սա է):
Փորձեցի պարզել տեղանքը, բայց մարդիկ չգիտեին, պատասխանեցին . «Մեհադմ չոլ է, հեչ բան չկա»: Խնդրեցի հասանելի մնան, բայց դա էլ էր անհնար, քանի որ տարածքում կապ չկար և հազիվ ինչ որ տեղեր էին բարձրացել ու ինձ հետ կապվել …
Զանգը անջատելուս հաջորդեցին մի քանի զանգեր, որոնք հիմնականում էդ նույն տղաների կանայք կամ բարեկամներն էին , որոնք լացով փորձում էին նույն բանը ասել …
Անմիջապես փորձեցի կապվել Արցախ, որը էլի գրեթե անհնար էր և միակ մարդը ով զանգի պատասխանեց, ԱՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանն էր , էլի իմ պես կրթության ոլորտից: Համարը տվեցի, որ շտապ կապվի և որպես Արցախցի կողմնորոշվի տեղանքը և մի քիչ հետո զանգահարեց , որ հասկացել են ուր են և տեղը գիտեն , մնում է մնացած հարցերը: Արամի միջոցով գիշերը կազմակերպեցինք Շիրակի 360 հոգանոց ՄՈԲ -ին տեղափոխեցինք Ստեփանակերտի դպրոցներից մեկը, որտեղ Արամի ջանքերով սնվեցին, չորացան տաքացան, իսկ ես ընկա շարունակության հետևից.
Խոսեցի Երևանի քաղաքապետարան(փոխքաղաքապետերի հետ) և խնդրեցի քաղաքացիներ տանող ավտոբուսները տրամադրեն տղաներին, մի քիչ բարդություն կար, բայց համաձայնեցին մինչև Երևան բերել , հետո խոսեցի կազմակերպության ղեկավարի հետ, որ հասցնի մինչև Շիրակ , թե Երևանի քաղաքապետարանը, թե այդ կազմակերպությունը չառարկեցին՝ ելնելով մի շարք օբյեկտիվ պատճառներից հասկացան խնդրի լրջությունը և աջակցեցին:
Հետո կապվեցի ՌՈ պետի հետ և խնդրեցի ուղեկցում , քանի որ զինված են նաև զենքերի պատշաճ հանձման կազմակերպում, որ դրանից հետո ՔՐ գործեր չլինեն , դա էլ արվեց և ուղեկցումը խոստացան մինչև Գյումրի, որ տղաները ապահով հասնեն իրենց ընտանիքներին …
Թվում է , թե սա ի՞նչ է, մի րոպեի բան , բայց չէ՛, ասեմ, հեշտ չէ՛ր, նախ առաջին հերթին ահռելի պատասխանատվություն էր , որի մեջ ակամայից հայտնվում ես և երկրորդը մեծ լարվածություն, որ պետք է տղաները անփորձանք հասնեն, չհաշված պատասխանատու օղակների տոտալ անհասանելիությունը …
Արվե՛ց , արդեն նոյեմբերի 25 ին տղաներն իրենց ընտանիքներում էին , բայց ես այդպես էլ չկարողացա գտնել մեկ պատասխանատուի , ով կստանձներ այդ գործի կազմակերպումը և բոլորդ էլ հասկանում եք , որ ես էս ամենի վերջին պատասխանատուներից պետք է լինեի …
Անցավ ժամանակ, հազարավոր հարցեր ու խնդիրներ , խնդիրներ, խնդիրներ … երբ խմբակցությունից դուրս եկա այլևս մոռացվեց են վերևի էդքան գրածս , իսկ էս ընտրությունների ֆոնին , պարզեցի որ անգամ շատ տեղերում ինձ ներկայացնում են որպես ծախված, դավաճան և այլն , բայց ոչ էդ տղաները , ոչ էդ տղաների ընտանիքների անդամները բացի լուռ լսելուց չեն էլ հակադարձում , թե ժողովուրդ ջան , եթե չլիներ էդ «դավաճանը» , ապա մենք կարող է և այսօր այլ կարգավիճակում լինեինք կամ չլինեինք…
Այսօր էլ նկատում եմ գրառումներ , սրտիկներ, հաղթանակի ցնծություն և այլն :
Հոգ չէ՛ տղեք, ճի՛շտ եք, հաղթել եք ընտրություններում , բայց պարտվել եք բարոյականությանը …
Այս դեպքերը կամաց -կամաց կպատմեմ, որ էս սխալները երբեք էլ չանի ոչ մի հայ մարդ . լինի իշխանություն, թե ընդիմություն , լինի կին, թե տղամարդ …
Ես էլի նույն մարդն եմ …
Դուք կարող եք ինձ չբարևել , ինձ թշնամի համարել, բայց ես ուրախ եմ , որ դուք ձեր ընտանիքի կողքին եք …
Բարի լույս …