Հայաստանը չպետք է մերժի ռազմական համագործակցության որեւէ առաջարկ
Ադրբեջանը մեծ ինտենսիվությամբ դիվերսիֆիկացնում է իր ռազմական համագործակցության ուղղությունները: Թուրքիայի հետ գրեթե ամենամսյա զորավարժություններին զուգահեռ այս երկիրը սերտացնում է հարաբերությունները Պակիստանի հետ: Նկատենք, որ այն Ասիայում միակ երկիրն է, որը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը: Այդ հանգամանքի համատեքստում լիովին օրինաչափ է այս երկու պետությունների հարաբերությունների սերտացումը հենց ռազմական ոլորտում:
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը վերջերս հայտարարել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները գալիք սեպտեմբերին համատեղ զորավարժություն են անցկացնելու։ Նա հավաստիացրել է, որ որոշումն արդեն ընդունված է, եւ պակիստանցի ռազմական մասնագետների խմբերից մեկը Ադրբեջանում է եւ ստուգում է զորավարժությունների անցկացման վայրերը։ Վերջերս Բաքու էր այցելել նաեւ պակիստանյան ռազմական ներկայացուցչական մեկ այլ պատվիրակություն՝ Պակիստանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ղամար Ջավեդ Բաջվանի գլխավորությամբ:
Ադրբեջանը ցանկանում է իր հատուկջոկատայիններին վերապատրաստել լեռնային պայմաններում մարտ վարելու փորձ ունեցող Պակիստանի բանակի մասնագետների օգնությամբ: Վերջինս այդ առումով ունի որոշակի փորձ, որը ձեռք է բերել Հնդկաստանի հետ Քաշմիրում պարբերաբար ունեցող ռազմական բախումների ժամանակ։ Մի կողմ թողնենք այն իրողությունը, որ քաշմիրյան բախումներում Պակիստանը, մեղմ ասած, մշտապես կորուստներ է կրում, սակայն Ադրբեջանի ոչ պրոֆեսիոնալ բանակի համար ցանկացած աջակցություն էլ ընդունելի կլինի: Հիշենք նաեւ, որ արցախյան 44-օրյա պատերազմում Պակիստանի հատուկ ջոկատայինները ներգրավված էին ռազմական գործողություններում՝ տարբեր ձեւաչափերով: Թերեւս, սա էր պատճառը, որ պատերազմի օրերին վերջինիս հետ պերմանենտ բախումների մեջ գտնվող Հնդկաստանը հայտարարեց Հայաստանին աջակցելու իր պատրաստակամության մասին:
Ադրբեջանն ակտիվացրել է նաեւ համագործակցությունը Բելառուսի հետ: Սա փաստում է, որ այս երկիրը մեծ ինտենսիվությամբ սպառազինում եւ վերակազմավորում է իր բանակը: Այս վարքը ինչ-որ տեղ օրինաչափ է, քանի որ պաշտոնական Բաքուն իր գործած ռազմական հանցագործությունների հանդեպ միջազգային հանրության լռությունը ընկալեց որպես կանաչ լույս եւ շարունակում է զենքի ուժ կիրառել տարածաշրջանում իր քաղաքականությունը վարելու համար: Վերջինիս այս քաղաքականությունը, բնականաբար, խրախուսում են այն պետությունները, որոնք միջոցներ են գործադրում տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխելու համար՝ առաջին հերթին իրենց ռազմական ներկայությունը եւ ազդեցությունն ավելացնելու միջոցով:
Այս ամենը հայկական կողմին պարտադրում է դիմել համարժեք հակազդման միջոցների: Ռուսաստանի զինված ուժերի հետ ինտեգրմանը եւ համատեղ պաշտպանական համակարգի ձեւավորմանը զուգահեռ Հայաստանը պետք է ընդունի նաեւ բարեկամ մյուս պետությունների՝ Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ աջակցության առաջարկները: Դրանք կարող են միայն համալրել մեր ռազմական ներուժը եւ նպաստել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանմանը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ