Պետությունը տարածք կստանա «Վալլեքսի» շենքում՝ փոխարենը տրամադրելով Կորյուն 14-ի հարկաբաժինը

Valleqs

 Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Երևանի կենտրոնում գտնվող գույքերի փոխանակում իրականացնել գործարար Վալերի Մեջլումյանին պատկանող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության հուլիսի 8-ի նիստի օրակարգում։

Երևանի Կորյուն 14 հասցեում գտնվող հայտնի բարձրահարկի 4-րդ հարկը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, իսկ շենքի մնացած հատվածները՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտին»։

Ընկերությունը ցանկանում է ներդրումային ծրագիր իրականացնել և պետությանն առաջարկել է Խանջյան 19 հասցեում իրեն պատկանող բարձրահարկի 5-րդ հարկը տրամադրել Կառավարությանը՝ պայմանով, որ Կորյուն փողոցի այդ շենքի 4-րդ հարկի համապատասխան տարածքն էլ տրամադրվի իրենց։

Ըստ Կառավարության հիմնավորման՝ ընկերությունը նախատեսում է Կորյուն փողոցում գտնվող այդ շենքի հետ կապված 300 միլիոն դրամի ներդրումային ծրագիր իրականացնել: Կորյուն 14 հասցեի 4-րդ հարկի 412 քառակուսի մետր մակերեսով տարածքի շուկայական արժեքը գնահատվել է 233.5 միլիոն դրամ, իսկ Խանջյան 19 հասցեի 5-րդ հարկի 349 քառակուսի մետրը՝ 162.8 միլիոն դրամ։ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը» գրավոր պատրաստակամություն է հայտնել պակաս արժեքի չափով 70.7 միլիոն դրամը փոխանցել ՀՀ կառավարությանը։

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտը» հիմնվել է 2003 թվականին ու մտնում է «Վալլեքս» խմբի մեջ։ «Վալլեքսի» սեփականատերը Վալերի Մեջլումյանն է։ «Վալլեքսը» շահագործում էր Թեղուտի հանքավայրը, ինչպես նաև ուներ հանքավայրեր Արցախում։

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտի» կանոնադրական կապիտալը 223 միլիոն դրամ է։ Ընկերության նախկին տնօրենը Վալերի Մեջլումյանն էր, իսկ այժմ Սահակ Կարապետյանն է։ Վերջինս «Լուրերի» հետ զրույցում ասաց՝ այդ տարածքի հետ կապված մեծ ու փոքր երկու ծրագրեր ունեն:

«Մեծ ծրագիրը հետևյալն է. այդ տարածքում՝ բարձրահարկի հետևի հատվածում, կիսախարխուլ շինություններ կան, նախատեսում ենք քանդել այդ շինություններն ու դրանց փոխարեն ժամանակակից, բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր կառուցել: Փոքր ծրագիրն էլ այն է, որ Կորյուն 14 հասցեի շենքի ֆասադային հատվածը վերանորոգվի։ Հիմա վիճակը շատ վատ է: Այս որոշմամբ ամբողջ շենքը մերը կլինի, ու ֆասադը կվերանորոգվի»,- ասաց Կարապետյանը։

Բուն շենքը շարունակելու է մնալ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտի» սեփականությունը, շինության նշանակությունը չի փոխվելու։ Կարապետյանի խոսքով՝ այժմ կենտրոնացած են հենց փոքր ծրագրի իրականացման վրա։

Երկու տարածքների փոխանակումից հետո Խանջյան 19-ում պետությանը հասանելիք տարածքը տրամադրվելու է «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» հասարակական կազմակերպությանը։

Ինչպես տեղեկանում ենք Կառավարության համապատասխան որոշման նախագծից, հումանիտար հետազոտությունների ոլորտում գործող այս կազմակերպությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ներկայացնելով ծրագիր։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով՝ Խանջյան 19 շենքի 5-րդ հարկի համապատասխան հատվածը կտրամադրվի հետազոտական կենտրոնին՝ 15 տարի ժամկետով և անհատույց օգտագործմամբ։

Ձեզ կհետաքրքրի...