Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է, թե ինչու է մերժել Բաքվի` Շուշի մեկնելու հրավերը

Despan

 ԱՄՆ դեսպանությունից հետո Ֆրանսիայի դեսպանատունն է պատասխանել haqqin.az-ի խմբագրական խորհրդի հարցմանն այն մասին, թե ինչ շարժառիթներ և պատճառներ են դրդել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին մերժելու Ադրբեջանի կառավարության՝  երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Շուշի քաղաք մեկնելու հրավերը: 

Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանություններն անցած հանգստյան օրերին շրջագայություն էին կազմակերպել օտարերկրյա դեսպանների համար դեպի Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի: Սական ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեսպաններն անտեսել էին Ադրբեջանի կառավարության հրավերը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշումը հանրային ընդվզում է առաջացրել Ադրբեջանում: 

«Դեսպանությունը չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցը», — ասված է haqqin.az-ի խմբագրությանը Ֆրանսիայի դեսպանատան պաշտոնական նամակում: Այսպիսով, ֆրանսիացի դիվանագետները Շուշիում իրենց դեսպանի բացակայությունը բացատրել են նրա աշխատանքային գրաֆիկով: 

Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը բացատրել էր՝ ինչու դեսպանն այդ երկրում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչների հետ չի մեկնել Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք: 

«Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցին վերաբերող մանրամասները կամ պատճառները, թե ինչու նա չի կարող ներկա լինել որոշակի միջոցառումների: Ցանկանում ենք նշել, որ ուրբաթ Բաքվում կային մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, որոնք ի վիճակի չէին մեկնել Ֆիզուլի և Շուշի», — ասված է ԱՄՆ դեսպանատան նամակում: 

Ռուսաստանի դեսպանատունն առայժմ չի պատասխանել ադրբեջանական լրատվականի հարցմանը:

 

auroranews.am

 

Ձեզ կհետաքրքրի...