Դատարանը հօգուտ «Լիդիան Արմենիայի» վճիռ է կայացրել
«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վարչական դատարանը 26.02.2020թ. անվավեր էր ճանաչել Ամուլսարում ստուգումների արդյունքում 2018թ. օգոստոսի 24-ին ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից կայացված թիվ 30 ակտը` դրանում արձանագրված թվով 10 խախտումներից 8-ի, այդ թվում նաեւ Ամուլսարի տարածքում ապօրինի հանքարդյունահանման վերաբերյալ կետի մասով:
Դատարանը նաեւ անվավեր էր ճանաչել Տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի՝ «Լիդիան Արմենիայի» վարչական բողոքը մերժելու մասին թիվ 30/1 որոշումը:
Վարչական դատարանը գտել էր, որ նախքան իր նշանակումը որպես Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ակտիվորեն ներգրավված էր եղել Ամուլսարի ծրագրի դեմ գործողություններում, ինչը ողջամիտ կասկածներ էր առաջացնում «Լիդիան Արմենիայի» վարչական բողոքը մերժելու պահին նրա` որպես համապատասխան իրավասու մարմնի պաշտոնատար անձի անաչառության վերաբերյալ:
Վերաքննիչ վարչական դատարանի այս որոշումը «Լիդիան Արմենիայի» համար հերթական բարենպաստ դատական ակտն է, որով արձանագրվել է ընկերության իրավունքների ոտնահարումը պետական մարմնի կողմից, ինչպես նաեւ նրա նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի դրսեւորած կողմնակալ վարքագիծը ընկերության նկատմամբ:
Այսպիսով, Վերաքննիչ վարչական դատարանը վարչական դատարանի նախկինում կայացրած վճիռը թողել է անփոփոխ:
Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան: