Երեկ՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Դիլիջան ազգային պարկի» պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Բնականաբար, դեպքի մասին իրազեկել ենք ՀՀ ոստիկանություն. այս պահին նյութեր են նախապատրաստվում (հետաքննության փուլ): Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ։
Լիահույս ենք, որ իրավապահները սեղմ ժամկետներում կբացահայտեն դեպքը, և այն կարժանանա համաչափ իրավական գնահատականի։
Իսկ հնարավոր կատարողներին և/կամ պատվիրատուներին խստագույնս նախազգուշացնում եմ. մասնավորապես բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության ոլորտում օրենքի գերակայությունն այլընտրանք չունի, և մեր համառ պայքարն ավելի՛ լայն թափով ու է՛լ ավելի մեծ նվիրումով ենք առաջ մղելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու»,- գրել է Պետրոսյանը: