Դոնբասում իրավիճակը հերթական անգամ սրվել է
Ուկրաինայի արևելքում հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտվել է. ուկրաինական կողմը երեքշաբթի հայտնել է այնտեղ 1 զինծառայողի մահվան մասին: Ռուսաստանի իշխանություններն էլ նախօրեին քրեական գործ են հարուցել Դոկուչաևսկ գյուղի գնդակոծման առթիվ: Այնտեղ, ըստ մամուլի հրապարակումների, վիրավորվել է 2 խաղաղ բնակիչ, գրում է euronews-ը։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը խոստացել է լիակատար կերպով կատարել անվտանգության առումով Ուկրաինայի առջև ստանձնած իր պարտավորությունը։ Սա երկուշաբթի օրը հաստատել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հարցերով կոմիտեի լսումների ժամանակ։Կիևն իր հերթին պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում իրավիճակի վերաբերյալ քննարկումներ հրավիրել ու բարձրացնել կորսված տարածքների վերադարձի հարցը: Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն իրականացվում է «Նորմանդյան քառյակի» ձևաչափով, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան: Ռուսաստանը և Ուկրաինան 2014-ին Մինսկում կնքել են հրադադարի արձանագրություն, իսկ 2015-ին վերստին Մինսկում՝ արդեն «Նորմանդյան քառյակի» ղեկավարների մակարդակով, կնքել են քաղաքական լուծում ենթադրող «Երկրորդ մինսկյան համաձայնագիրը», որին հետագայում հավանություն է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Մինսկյան թե՛ առաջին և թե՛ երկրորդ համաձայնությունները պարբերաբար խախտվել են: Ռուսներն ասում են, որ Ղրիմն այլևս Ռուսաստանի Դաշնության մաս է և որևէ կապ չունի Դոնբասի առճակատման կամ ռուս-ուկրաինական բանակցությունների հետ: 2014 թվականի ապրիլից Դոնբասում մեկնարկած ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 13 հազար մարդ:
Տաթև Ֆռանգյան