Հրաձգությունը 1 ժամ է տևել. դադարեց, երբ ռուս խաղաղապահները բարձրացան դիրքեր. Հարավի գյուղապետ
Այսօր համեմատաբար խաղաղ է, կրակոցի ձայներ չենք լսել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հարավ գյուղի գյուղապետը՝ Անդրանիկ Ղազարյանը:
Վերջինս նշեց, որ երեկ տեղի ունեցած հրաձգությունը մոտավորապես 1 ժամ է տևել, իսկ այն դադարել է միայն այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահներն են բարձրացել դիրքեր. «Դրանք դադարել են այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահները բարձրացել են դիրքեր՝ մեր տղաների մոտ: Այնտեղ մնացել են 15-20 րոպե հետո իջել են»,- ասաց գյուղապետը:
Մեր այն հարցին, թե արդյոք տվյալ դիրքը այսօր ևս բարձրացել են խաղաղապահները, Անդրանիկ Ղազարյանը պատասխանեց, որ այդ դիրքը այսօր դեռ չեն բարձրացել, բայց անցել են գյուղով՝ երևի կգան կբարձրանան:
Նա ասաց, որ չնայած կրակոցները պարզ լսվում էր ամբողջ գյուղում, ժողովրդի մոտ որևէ խուճապ չկար. «Պարզ լսվում էին ձայները, քանի որ խաղաղ բնակչությունից թշնամու դիրքերի հեռավորությունը ընդամենը 2 կմ է: Ադրբեջանցիները տեղակայված են գյուղի դիմացի սարի վրա, իրենք էլ մերոնք էլ մեկ գծի վրա են»,- շեշտեց Անդրանիկ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է, եւ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:
Զվարթ Պետրոսյան