Պտղունք համայնքին պատճառվել է 11 մլն դրամի վնաս. գործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Պտղունք համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Պտղունք համայնքի ղեկավարը, 2012 թ. մինչ օրս զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պարտավոր լինելով իրականացնել ինքնակամ շինարարությունների հետևանքների՝ օրենքով սահմանված կարգով վերացումը, միաժամանակ տեղյակ լինելով և ծանոթանալով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումներով արձանագրված հողօգտագործման և պահպանման խախտումների վերաբերյալ ակտին, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով ինքնակամ կառույցների և համայնքային նշանակության դաշտամիջյան ճանապարհների զավթման մասին, առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերը միավորելու, դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ ինքնակամ կառուցված 1302,81 քմ մակերեսով շինությունն օրինականացնելու ուղղությամբ, որի արդյունքում օրինականացման համար վճարվելիք 2.402.553 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել՝ այդ կերպ էական վնաս պատճառելով Պտղունք համայնքի օրինական շահերին:
Այնուհետև, համայնքի ղեկավարը, քաղաքացու սեփականություն հանդիսացող 0.0349 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխելով, տեղյակ լինելով ինքնակամ կառուցված առևտրի կրպակի կառուցման աշխատանքների մասին՝ չի կատարել իր պարտականությունները, որևէ միջոց չի ձեռնարկել ինքնակամ կառուցված 294,528 քմ մակերեսով շինությունն օրինականացնելու ուղղությամբ, որի արդյունքում վճարվելիք 1.237.017 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել:
Ավելին, բարեգործական հիմնադրամին օգտագործման իրավունքով պատկանող 0.2205հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի դեպքում, առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի, տեղյակ լինելով ինքնակամ կառուցված և գործող հասարակական շինությունների շահագործման աշխատանքների մասին, դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ ինքնակամ կառուցված 1848,9 քմ մակերեսով հասարակական շինությունն օրինականացնելու ուղղությամբ, իսկ դրա օրինականացման համար վճարվելիք 7.765.380 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: