2021թ. ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, որոնց 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում

Dataxazutyun

  ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ներառյալ քարոզարշավի, քվեարկութան օրը և դրան հաջորդող ժամանակահատվածում արձանագրված առերևույթ ընտրական, ինչպես նաև ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի քննության, հանցագործություն կատարած անձաց քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված աշխատանքների արդյունքները՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցված ավելի քան 80 քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 91 անձի, որոնցից՝

  • 67-ին՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու ընտրակաշառքի միջնորդության, ընտրակաշառք տալու փորձի, օժանդակության կամ կազմակերպման համար, 
  • 3-ին՝ բռնության զուգորդմամբ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու համար, 
  • 6-ին՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար, 
  • 6-ին՝ քարոզչական պաստառի ոչնչացմամբ կամ վնասմամբ գույքային վնաս պատճառելու համար, 
  • 3-ին՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մեկ կամ մեկից ավելի անձանց ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար, 
  • 2-ին՝ ընտրողներին քվեարկությանը մասնակցելուն, ընտրություններին մասնակցող կոնկտեր ուժի օգտին քվերակելուն կամ կոնկրետ ուժի օգտին չքվեարկելուն հարկադրելու համար, (որոնցից մեկին՝ նաև բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց ծառայություններ մատուցելու խոստում տալու համար), 
  • 2-ին՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու կամ քվերակելու փորձ կատարելու համար, 
  • 1-ին՝ հանցագործության մասին չհայտնելու համար, 
  • 1-ին՝ խարդախության համար: 

Այսինքն՝ ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը կազմում է ընդհանուրի շուրջ 73.5 տոկոսը: Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ, մասնավորապես՝ 2-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընտգրկված անձինք:

Մեղադրյալներից 24-ի, այդ թվում՝ պատգամավորության բոլոր թեկնածուների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննության ընթացքում դատախազի կամ դատարանի որոշումներով կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոփոխվել կամ վերացվել է 5 անձի նկատմամբ:

2021թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ ընտրական և ընտրությունների հետ կապված հանցագործությունների առթիվ քննված քրեական գործերից 22-ը մեղադրական եզրակացություններով ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու: Դրանցով դատի է տրվել ընդհանուր 46 անձ, այդ թվում՝

  • 35-ը՝ մեկ կամ մի քանի անձանց ընտրակաշառք տալու, առանձին դեպքերում՝ նաև ընտրակաշառքի միջնորդություն կատարելու, կամ մեկից ավելի անձանց ընտրակաշառք տալուն օժանդակելու, նախապատրաստելու, ընտրակաշառք ստանալու համար, 
  • 3-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար, 
  • 2-ը՝ երկու և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու համար, 
  • 2-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ մեկ կամ մեկից ավելի անձանց կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար, 
  • 4-ը՝ քարոզչական նշանակության պաստառներ վնասելու և նյութական վնաս պատճառելու հանցավոր արարքներ կատարելու համար: 

Ըստ էության, ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար դատի տրված անձանց թիվը կազմել է ընդհանուրի շուրջ 76 տոկոսը:

Դատարան ուղարկված գործերից 1-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, որով 1 անձի նկատմամբ պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկում, միաժամանակ, դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով: Մյուս գործերով դատական քննությունը շարունակվում է:

Դատի տրված անձանցից 9-ը հանդիսացել են արտահերթ ընտրություներին մասնակցած «Հայաստան» դաշինքի, 22-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Վերելք» կուսակցության, 1-ը՝ ԲՀԿ-ի պատգամավորական ցուցակներում ընդգրկված կամ այդ ուժերին սատարող անձինք:

2021թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 39 քրեական գործի նախաքննություն շարունակվում է, առանձին գործերի վարույթներ կարճվել են, իսկ որոշները միացվել են իրար:

Չնայած քրեական գործերի զգալի մասով դեռևս նախաքննությունը և դատական քննությունը շարունակվում է, սակայն արդեն իսկ կարելի է փաստել, որ 2021թ. հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախորդ համապետական նույնաբնույթ երկու՝ 2017թ. հերթական և 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից էականորն տարբերվում է ընտրական հանցագործությունների դեմ իրավապահ մարմինների գործունեության արդյունավետությամբ:

Համեմատության համար նշենք, որ 2021թ. ընտրությունների հետ կապված ընտական առերևույթ հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քանակը 2017թ. ԱԺ հերթական ընտրությունների համեմատ ավելի է մոտ 4 անգամ, 2018թ. արտահերթ ընտրությունների համեմատ՝ ավելի քան 7 անգամ, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը 2017թ. ընտրությունների համեմատ ավելի են գրեթե կրկնակի, իսկ դրանցով դատի տրված անձանց թիվը ավելի է շուրջ 70 տոկոսով:

Հատկանշական է հատկապես ընտրակաշառքների դեմ քրեաիրավական պայքարի աննախադեպ արդյունքները՝ հաշվի առնելով, որ նախկին որևէ համապետական ընտրության ժամանակ երբևէ չի արձանագրվել նման թվով անձանց ընտակաշառք տալու, ստանալու և միջնորդության, դրանց առնչվող այլ հանցագործությունների բացահայտում, դրանց համար քրեական հետապնդման ենթարկելու և դատի տալու դեպք:

Նման արդյունքները կարող են կանխիչ կարևոր ազդեցություն ունենալ հետագայում կազմակերպվելիք ընտրությունների համար և ստեղծել առավել նպաստավոր պայմաններ ՀՀ-ում ընտրողների ազատ և անկաշկանդ կամարտահայտման, ինչպես նաև ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ անցկացնելու կայուն պրակտիկա ձևավորելու համար: 

Ձեզ կհետաքրքրի...