ՀՀ ԱԱԾ-ն՝ Պուտինի և Նարիշկինի հակաարևմտյան նախաձեռնությանը միանալու մասին factor.am
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը տասն օր անց, Factor.am-ի գրավոր հարցերին ի պատասխան, անդրադարձել է Մոսկվայում հոկտեմբերի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացած ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպմանը հաջորդած աղմկահարույց հաղորդագրության բովանդակությանը: Հիշեցնենք՝ Կրեմլի ազդեցության գոտում գործող լրատվամիջոցները, հղում անելով Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությանը, հոկտեմբերի 13-ին հայտնեցին, որ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են «Արևմուտքի ապակառուցողական ազդեցության և դրսից ժողովրդավարությունը բռնի կերպով ԱՊՀ երկրներում արմատավորելու փորձերը»: Սերգեյ Նարիշկինի ղեկավարած արտաքին հետախուզական ծառայությունը շեշտել էր, որ հատուկ ծառայությունների ղեկավարները, որոնց թվում, ի դեպ, նաև հեղափոխական Հայաստանի ԱԱԾ տնօրենն է եղել, հանգել են այն միասնական կարծիքին, որ այդ ժողովրդավարության ներդրման գործընթացներն ուղղված են ԱՊՀ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը: Պուտինի մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել են այդ գործընթացներին հակազդելու համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին: Factor.am-ն Արմեն Աբազյանից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք վերահաստատում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության հաղորդագրությունում նաև ՀՀ ԱԱԾ-ի անունից ներկայացված դիրքորոշումը, որ Արևմուտքն ապակառուցողական ազդեցություն ունի ՀՀ-ում և դրսից բռնի կերպով ժողովրդավարություն արմատավորելու փորձեր են կատարվում: Խնդրել էինք հայտնել՝ ինչո՞վ է դա սպառնում ՀՀ ազգային անվտանգությանը, արդյո՞ք դեռ պահպանվում է դրսից ժողովորդավարությունը բռնի կերպով արմատավորելու վտանգը և ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկելու ԱԱԾ-ն՝ այդ վտանգը չեզոքացնելու համար: ԱԱԾ-ից Factor.am-ին փոխանցել են, որ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տարածած հաղորդագրությունը ոչ թե մասնակից երկրների անվտանգության մարմինների ղեկավարների համատեղ հայտարարություն է, այլ հոկտեմբերի 13-ի նիստն ամփոփող տեղեկատվություն: Ըստ էության, Հայաստանի ԱԱԾ-ից փոխանցում են, որ Արմեն Աբազյանը չի միացել Պուտինի հակաժողովրդավարական շարժմանը: «Ի պատասխան ԱԱԾ տնօրենին ուղղված հարցման՝ տեղեկացնում ենք, որ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության հերթական նիստի օրակարգը նվիրված է եղել ոչ թե առանձին երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների գործունեությանն առնչվող մարտահրավերներին, այլ ընդհանուր առմամբ ԱՊՀ տարածաշրջանի հավաքական անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներին։ Ինչ վերաբերում է սույն թվականի հոկտեմբերի 13-ին ՌԴ ԱՀԾ տարածած մամլո հաղորդագրությանը, ապա այն, ըստ էության, նիստն ամփոփող տեղեկատվություն է, այլ ոչ թե մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների համատեղ հայտարարության տեքստ։ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը Հայաստանի Հանրապետությունը հռչակում է որպես ժողովրդավարական, իրավական պետություն, և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում, իր ողջ գործիքակազմով նպաստում է սահմանադրական վերոնշյալ նորմի կենսագործունեության ապահովումը»,- ասված է ԱԱԾ պատասխանում։ Նարեկ Կիրակոսյան