Միայն չպարտվելու ցանկությունը ոչ մեկին լուրջ հակառակորդ չի դարձնում

Turqakan ashxarh

Ռուսաստանի Դաշնությունում սկսել են հասկանալ, թե ինչ նպատակներ է հետապնդում Թուրքիայի վարած քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում, սկսել են գնահատել վտանգները ու հարց հնչեցնել, թե, ի վերջո, ինչ է ուզում Ռուսաստանն այդ տարածաշրջանում: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էթնո-ազգային ռազմավարությունների գործակալության տնօրեն Ալեքսանդր Կոբրինսկին «Նեզավիսիմայա գազետայում» տպագրած հոդվածում գրում է, որ «միայն չպարտվելու ցանկությունը ոչ մեկի համար քեզ լուրջ հակառակորդ չի դարձնում: Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում կարծես հավասարվում է չպարտվելու ցանկությանը, հետեւաբար, ՌԴ-ն մեկ քայլ հեռավորության վրա է գտնվում աղետից, որը տեղի կունենա աշխարհի այդ մասում: Դա հաջողությամբ ցուցադրում է Անկարան, որն անշեղորեն ու հետեւողականորեն Կենտրոնական Ասիայի թյուրքացման քաղաքականություն է իրականացնում»: Մանեւրելով Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ՝ Թուրքիան մեկից էժան էներգակիրներ է ստանում, մյուսից վարկեր՝ իր տնտեսությունը զարգացնելու համար: ԵՄ-ից տեխնոլոգիաներ է ստանում, իսկ անգլոսաքսոնական աշխարհից՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում օպերատիվ կառավարման մանդատ եւ ոչ միայն ՆԱՏՕ-ի ներկայացուցչի ֆունկցիա, այլեւ զենք, որն այնտեղից դուրս կմղի Ռուսաստանին ու Չինաստանին: Անգլոսաքսոնական աշխարհի համար, որին լրջորեն անհանգստացնում է Չինաստանի հետ դիմակայությունը, ՌԴ-ի թուլացումն ու նրա դուրս մղումը Կենտրոնական Ասիայից կարեւորագույն կետերից մեկն է այդ պայքարում: Չինաստանը խոցելի կետ ունի՝ Սինցզյան-Ույգուրյան ինքնավար մարզն ու լուրջ կախվածությունը ռուսական էներգակիրներից: Ուստի սխալ կլիներ Թուրքիային չօգտագործել պայքարի այդ գծում: Անկարան, օգտագործելով պատմական հնարավորությունը, հնարավոր ամեն ինչ անում է նոր պայմաններում Օսմանյան կայսրության վերածննդի համար: Մեծաքանակ քաղաքագետներն ու փորձագետներն ստերեոտիպերի գերի են՝ ենթադրելով, որ Չինաստանի տնտեսական տիրապետության հարցը, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայում, վճռված է երկար տարիների համար: Զուգահեռաբար համեմատենք Թուրքիայի այժմյան դրությունն ու Չինաստանի վիճակը պատմական հետադարձ հայացքով: Չինաստանի տնտեսական հզորության աճը պայմանավորված էր պատմական հանգամանքներով՝ երկրի համար անվտանգ արտաքին քաղաքական իրավիճակ, ժողովրդագրական վերելք, «հարմար» եւ ոչ հավակնոտ երիտասարդ աշխատուժ, վարկեր եւ առավել բարեկեցություն կոլեկտիվ Արեւմուտքի կողմից, որտեղ գլոբալիզացիայի թափ հավաքած գործընթացն ու տեխնոլոգիական ճեղքումները նպաստել են սպառման աճին եւ շուկաների բացմանը։ Արեւմուտքի եւ ԽՍՀՄ-ի առճակատումը խթանեց աջակցությունը Չինաստանին անգլոսաքսոնական աշխարհի կողմից այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ն իր գագաթնակետին էր։ Ամենակարեւոր պահերն էին Չինաստանի ղեկավարության նպատակների հստակ տեսլականն ու դրանց հասնելու ցանկությունը։ Այսօր իր բարեկեցության գագաթնակետին է հասել Չինաստանը: Անկասկած, իներցիայի ուժն այնպիսին է, որ եւս 5-10 տարի անց նրա տնտեսությունը կշարունակի չափազանց ուժեղ մնալ, բայց… Փոխվել է աշխարհաքաղաքական իրադրությունը, սկսվել է տարբեր երկրների համախմբումը Չինաստանի դեմ, իսկ այդ գործընթացի թիկունքին Չինաստանից հեռացած Արեւմուտքն է։ Դեռեւս ոչ ակնհայտ, բայց երկրի անխուսափելի ծերացումը ծնելիության սահմանափակման քաղաքականության պատճառով, աշխարհում սպառողական տրամադրությունների նվազումը եւ տեխնոլոգիական զարգացման դադարեցումն անխուսափելիորեն կհանգեցնեն հասարակության մեջ հոգեւոր բաղադրիչի ուժեղացմանը: Ռեսուրսների անբավարարությունը, բայց առաջին հերթին՝ էներգակիրների, հողերի եւ գետերի աղտոտվածությունը Չինաստանի հետագա տնտեսական զարգացումը շատ ավելի թանկ են դարձնում ինչպես նյութական ու մարդկային, այնպես էլ ռեսուրսների եւ աշխատատարության առումով: Ամենայն հավանականությամբ, դա կհանգեցնի տնտեսական աճի դադարեցմանը, իսկ այնուհետեւ՝ անխուսափելի անկմանը, այն էլ՝ ոչ հեռավոր ապագայում: Արդեն այսօր Չինաստանում տնտեսական աճի տեմպերը կտրուկ նվազել են։ Բացի այդ, Չինաստանը կրկնում է նախկին ԽՍՀՄ-ի սխալները՝ հավատալով, որ զուտ տնտեսական ներդրումներով կշահի կողմնակիցներ ու հետեւորդներ՝ թեկուզ ի դեմս ամենամոտ հարեւանների։ Սակայն հարեւան մի շարք երկրներ՝ Ինդոնեզիան, Հնդկաստանը, Վիետնամը, Ճապոնիան եւ մյուսները, սկսել են մեծացնել պաշտպանական բյուջեները եւ արդիականացնել իրենց բանակները։ «Ո՞ւմ դեմ» հարցը հռետորական է թվում. Եվ դա՝ չխոսելով AUKUS ռազմական նոր դաշինքի մասին: Թուրքիան այսօր գտնվում է այնպիսի պայմաններում, որոնք բնութագրական են 40 տարի առաջվա Չինաստանի համար։ Սա եւ աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակ է, եւ աջակցություն անգլո-սաքսոնական աշխարհին ու, մասնավորապես, Արեւմուտքին, որը շահագրգռված է Չինաստանի եւ Ռուսաստանի թուլացման մեջ, հատկապես՝ Ռուսաստանի՝ գումարած բարենպաստ ժողովրդագրական եւ տնտեսական իրավիճակը, նպատակների հստակ տեսլականը Թուրքիայի ղեկավարության կողմից եւ բոլոր միջոցներով դրանց հասնելու ցանկությունը։ Սակայն, ի տարբերություն Չինաստանի, Թուրքիան ավելի շատ հավակնում է ոչ թե տնտեսական, այլ հոգեւոր ու բարոյական լիդերության։ Նրա նպատակը ոչ թե ժողովրդին կերակրելն է, այլ, հնարավորության դեպքում, նեոօսմանյան տերության ստեղծումը, որը կարող է նույնիսկ դուրս գալ իր նախորդի սահմաններից։ Այս նպատակներին հասնելու համար կարեւոր քայլ է Կենտրոնական Ասիայի վերջնական անջատումը Ռուսաստանից եւ առաջին փուլում Կենտրոնական Ասիան Թուրքիայի Հանրապետության հոգեւոր եւ բարոյական ուղենիշների մեջ ներգրավելը, որին ակտիվորեն աջակցում է անգլոսաքսոնական աշխարհը: Այս ճանապարհին արդեն իսկ լուրջ հաջողություններ են գրանցվել։ Որոշ երկրներ անցում են կատարել լատինական այբուբենին, Կենտրոնական Ասիայի հանրապետություններում թուրքական դպրոցներ են կառուցվում ռուսական դպրոցների թվի կրճատման ֆոնին, եւ դրանք դիրքավորվում են որպես իսլամական աշխարհում բոլոր նեղացածների պաշտպան: Թուրքիային ձեռնտու է Ադրբեջանի հետ տնտեսական եւ ռազմաքաղաքական գործընկերության հաջողությունը, որի իրական արդյունքն արցախյան պատերազմում տոնած հաղթանակն էր: Իսկ դա Թուրքիայի հետ համագործակցությունը գրավիչ է դարձնում Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների համար: Բայց դրան եւ հարակից հարցերին ու իրադարձություններին կանդրադառնանք «ՀՀ»-ի առաջիկա համարում:

hhpress.am

Ձեզ կհետաքրքրի...