Երևանի մետրոյի ռելսերը մաշված են, անհապաղ փոխարինման ենթակա. Կառավարությունը 141 մլն դրամ հատկացրեց դրանց գնման համար

Mashvac

  ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով գործադիրը հավանություն տվեց «Հարավկովկասյան երկաթուղուց» 4300 մ ռելսեր գնելու առաջարկին, որի ընդհանուր արժեքը կկազմի 141 միլիոն դրամ, ներառյալ՝ տեղափոխման գինն ու ԱԱՀ-ն: Այդ գումարը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից:

Հարցը ներառված էր Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում:

Նախագծում նշված է՝ թույլատրել «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը լուծարել «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի  մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության եւ «Իմպեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի օգոստոսի 16-ին կնքված պայմանագիրը՝ երկկողմանի համաձայնությամբ:

Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի գնացքի ռելսերը գտնվում են մաշված վիճակում, ինչը ուղղակիորեն սպառնում է քաղաքացիների անվտանգ տեղափոխմանը և մետրոպոլիտենի անվտանգ աշխատանքի կազմակերպմանը:

«Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ողջ ցանցում առկա են 56 կմ ընդհանուր երկարության ռելսեր։ Վերջին անգամ ռելսեր ձեռք են բերել 2014 թվականի մարտին՝ թվով 4400 մ: Դրանք շահագործվող գծերում են տեղակայվել 2014-2018 թվականների ընթացքում: 2018 թվականից մինչ օրս ընկերությունը նոր ռելսեր ձեռք չի բերել, չնայած միայն 2020-2021 թվականների ընթացքում հայտարարվել է 7 մրցույթ:

«Նշենք, որ 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ շահագործվող գծերում առկա են 4400 մ ժամկետանց, 2000 մ արատային, 775 գմ անհապաղ փոխարինման ենթակա ռելսեր, սակայն պահուստում առկա չէ ոչ մի մետր ռելս»,- նշված է հիմնավորման մեջ:

Յուրաքանչյուր տարի շահագործման ընթացքում ի հայտ են գալիս ևս 250-400 գմ նոր արատային ռելսեր:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռք բերել 4300 մետր р-50 տեսակի նոր ռելսեր, որոնք նախատեսված են մետրոպոլիտեններում շահագործման, ինչպես նաեւ սլաքային փոխադրիչների կազմակերպման համար։

Նշված ռելսերն իրենց պատրաստման ընթացքում չեն ենթարկվում ջերմային խտացման, ինչը դարձնում է նրանց ավելի ճկուն և դիմացկուն կոտրվածքներ առաջանալու դեպքերում։

 

armtimes

Ձեզ կհետաքրքրի...