Խաղաղությանն այլընտրանք չկա. Պետք է վերջ դնել Հայաստանում ռևանշիզմին ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցելու և զինելու փորձերին. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանն անհրաժեշտ է համարում Ղարաբաղի հարցով Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կետերի ամբողջական կատարումը. Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ամուր խաղաղության, զարգացման և առաջընթացի ապահովումը Ադրբեջանի ապագա տեսլականի ռազմավարության հիմքն է: Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել միջազգային իրավունքի սկզբունքների խիստ պահպանման հիման վրա, մասնավորապես, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության սկզբունքները։ Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապագայի ապահովման համար այս փուլում կարևոր է լիովին իրականացնել եռակողմ հայտարարությունների դրույթները, և Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է փոխադարձ քայլեր՝ այդ ուղղությամբ իր ձեռնարկած քայլերին»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Արտաքին գերատեսչությունում նշել են նաև, որ Հարավային Կովկասում հակամարտության ավարտից հետո նոր իրողություններ են ի հայտ եկել, «որոնք յուրաքանչյուրը պետք է ընդունի»:
«Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական և չհիմնավորված տարածքային պահանջների միջև։Այս տեսանկյունից միջազգային հանրությունը պետք է դրական դերակատարություն ունենա և Հայաստանին կոչ անի գիտակցել, որ խաղաղությանն այլընտրանք չկա։ Պետք է վերջ դնել Հայաստանում ռևանշիզմին ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցելու և զինելու փորձերին»,- հայտարարել են Ադրբեջանի արտաքին գերատեսչությունից։
civic.am