Նոր մանրամասներ քրեական պատմություններով հայտնի «Ճվ-ճվ Արոյի» որդիների, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Գոգոլի փողոցի 26/22 հասցեում կատարել են դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, գաղտնի փականով դանակ և 8 հատ տարբեր տեսակի դեղահաբեր: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այնուհետև անցկացրել են բացատրական աշխատանքներ, ինչի շնորհիվ նոյեմբերի 6-ին ինքնակամ ոստիկանություն է ներկայացել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 39-ամյա Հրաչյա Սահակյանը, ով ոստիկաններին է ներկայացրել 9 մմ տրամաչափի «ՏՏ» տիպի ատրճանակ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ ատրճանակը պատկանել է 2013 թվականին մահացած հորը՝ Գ. Ս.-ին, իսկ ոստիկանների կողմից դեպքի վայրից հայտնաբերված փամփուշտները, դանակը և դեղահաբերը պատկանում են իրեն, իսկ այդ դեղահաբերը ազատ վաճառվում են ցանկացած դեղատանը՝ որպես ցավազրկող հաբեր: Նա հայտնել է նաև, որ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքն է նշված ատրճանակով 2 անգամ կրակել օդ: Հ. Սահակյանը բաց է թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս ամենը կապված է «Ճվ-ճվ Արոյի» քրեական պատմություններով հայտնի անուղղելի զավակների, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի, վերջինիս որդու՝ Սամվել Քոթանջյանի, նրա ընկերների մասնակցությամբ Երևանում մարտաֆիլմ հիշեցնող դեպքի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող միջադեպի, ծածկռտուքի, կրակոցների և խուլիգանության մասին: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ օրը Երևանի բնակիչ, 31-ամյա Սամվել Քոթանջյանը իր ընկերների և վերջիններիս ընտանիքների անդամների հետ գտնվելիս են եղել Երևանում գործող ռեստորանային համալիրներից մեկում: Այնտեղ հարևան սեղանին եղել են նաև Երևանի բնակիչներ, 29-ամյա Սարգիս Վարդանյանը, 28-ամյա Սերժ Վարդանյանը, ինչպես նաև նրանց հետ դեռևս չպարզված մեկ քաղաքացի: Վերջիններս սեղանի շուրջ նստած խոսելու ժամանակ բարձրաձայն հայհոյախառն արտահայտություններ են արել, ինչն էլ լսելով, Ս. Քոթանջյանը դիտողություն էր արել նրանց, որը վերածվել էր վիճաբանության: Այնուհետև օպերատիվ տվյալներ էին ստացվել որ Ս. Քոթանջյանը իր 2 ընկերների հետ Սայաթ-Նովա 12 շենքի մոտ հանդիպել է Սարգիս Վարդանյանին, ապա ծեծի ենթարկել նրան, պատճառելով մարմնական վնասվածքներ: Նոյեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Ս. Վարդանյանը, վարելով Mercedes GL մակնիշի ավտոմեքենան, պատահաբար հանդիպել էր Ս. Քոթանջյանի ընկեր, Երևանի բնակիչ, 26-ամյա Սամվել Ղազարյանին: Վերջինս եղել էր Kia մակնիշի ավտոմեքենայով: Ս. Վարդանյանը փորձել էր կանգնեցնել նրան, ապա վերջինիս հետապնդելով՝ դիտավորությամբ հարվածել էր Kia-ին, սակայն այդ ժամանակահատվածում Ս. Ղազարյանը հեռախոսակապ էր հաստատել Ս. Քոթանջյանի հետ, հայտնել կատարվածի մասին, ով էլ վերջինիս ասել էր, որպեսզի չկանգնի և փախուստի դիմելով, անմիջապես գնա իր բնակության հասցե: Ս. Վարդանյանը հետապնդել էր Ս. Ղազարյանին, սակայն վերջինիս հաջողվել էր հասնել Ս. Քոթանջյանի տան մոտ, որտեղ Ս. Քոթանջյանը, նրա հայրը՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Արայիկ Քոթանջյանը և նրանց մոտ որպես թիկնապահ աշխատող Երևանի բնակիչ, 39-ամյա Արտակ Ծատուրյանը նախապես զինված դիմավորել էին Ս. Ղազարյանին և նրան հետապնդող Ս. Վարդանյանին: Ապա իրենց մոտ եղած դեռևս չպարզված զենքերով կրակոցներ են արձակել հետապնդվող ավտոմեքենաների ուղղությամբ, ովքեր էլ կրակոցներից խուսափելու համար դիմել են փախուստի: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Ս. և Ս. Վարդանյանները «Ճվ-ճվ Արոյի» քրեական պատմություններով հարուստ որդիներն են, իսկ Ա. Քոթանջյանը՝ Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետն է: