Դատարանը որոշել է նախկին պատգամավորին չպատժել կեղծ հայտարարագրի համար

Chpatjel

 Կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի ու նրա որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է «իրադրության փոփոխության հիմքով»։ Նման վճիռ է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը նոյեմբերի 10-ին։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։

2020-ի ապրիլին Հատուկ քննչական ծառայությունը հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրել Հրանտ Դավթյանին ու նրա որդուն՝ պաշտոնատար անձի ու նրա հետ փոխկապակցված անձանց կողմից գույքի, ունեցվածքի, եկամուտների հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար։ Ըստ ՀՔԾ-ի՝ Հրանտ Դավթյանը չէր հայտարարագրել Վաղարշապատում սեփականությամբ իրեն պատկանող բնակարանների ու հողամասերի տվյալներ, իսկ որդին՝ Արսեն Դավթյանը, չէր հայտարարագրել ավտոմեքենայի ձեռքբերման ու վաճառքի մասին տվյալները։ «Դատալեքս»-ում ավելի մանրամասն տվյալներ են արտացոլված Դավթյանների կողմից չհայտարարագրված գույքի վերաբերյալ, և, ըստ քրեական գործի, նրանք ոչ միայն գույք են թաքցրել հայտարարագրումից, այլ նաև դրամական միջոցներ։ Հրանտ Դավթյանը չի հայտարարագրել Վաղարշապատում ունեցած 135 քառակուսի մետր մակերեսով բնակարանը՝ 7.1 միլիոն դրամ կադաստրային արժեքով, Արարատի մարզի Այնթափ համայնքում հողամասը՝ մոտ 2 հեկտար մակերեսով, որը ձեռք է բերվել 600.000 դրամով 2004-ին, Վաղարշապատում ունեցած 741 քառակուսի մետր մակերեսով կիսակառույց տունը՝ ավելի քան 38 միլիոն դրամ կադաստրային արժեքով։ Հրանտ Դավթյանը չի հայտարարագրել նաև Վաղարշապատի Անդրանիկ թաղամասում գտնվող 480 քառակուսի մետր մակերեսով տարածքը, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում 1262 քառակուսի մետր մակերեսով հողամասը, Բաղրամյան համայնքում գտնվող մեկ այլ հողամաս՝ 676 քառակուսի մետր մակերեսով: Ըստ նախաքննական մարմնի՝ Հրանտ Դավթյանը չի հայտարարագրել նաև պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ունեցած դրամական միջոցները՝ մոտ 1.8 միլիոն դրամ։

Նախկին պատգամավորի որդին՝ Արսեն Դավթյանը, չի հայտարարագրել Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող 214 քառակուսի մետր մակերեսով բնակարանը, որը ձեռք է բերել 2018-ին՝ մոտ 5 միլիոն դրամով։ Արսեն Դավթյանը նաև ունեցել է BMW X6 մակնիշի ավտոմեքենա, որը 2018-ին 4 միլիոն դրամով  վաճառել է Արարատի գինու գործարանին, սակայն այդ տվյալը ևս թաքցրել է ու չի նշել իր հայտարարագրում։ Վերջինս «Ակբա» բանկում ունեցել է նաև պարտավորություններ, որոնք ևս հայտարարագրում արտացոլված չեն։

«Հետք»-ը 2018-ին գրել էր, որ Հրանտ Դավթյանը բնակարան ունի Դուբայի Al Sahab համալիրում, որը բաղկացած է 44 և 24 հարկանի երկու շենքերից։ Ինչպես ինքն էր տեղեկացրել, բնակարանի մակերեսը 86 քառակուսի մետր է եղել ու գնվել է 2000-ականների սկզբին։ Պատգամավորն ասել էր, որ Դուբայում ունեցել է գործարար կապեր։

Դատարանում Հրանտ Դավթյանի ներկայացուցիչները շեշտադրել են այն փաստը, որ ներկայումս ԲՀԿ-ականի գործունեության փոփոխությունն էականորեն նվազեցրել է նոր հանցանք կատարելու օբյեկտիվ հնարավորությունը։ Դավթյանը ԲՀԿ-ի ցուցակով մասնակցում էր հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ու փաստը, որ նա ընտրության արդյունքում չի դարձել պատգամավոր, ըստ նրա պաշտպանների, չի հանդիսանում նշված գործով հանցագործության սուբյեկտ։ Դատարանը մեղադրող կողմի՝ դատախազության այն պնդումը, թե հնարավոր է՝ Դավթյանը նոր պաշտոն ստանձնելով՝ նոր հանցանք կատարի, անընդունելի է համարել։ Դատարանը արձանագրել է ամբաստանյալ Հրանտ Դավթյանի հանրային վտանգավորությունը դադարած լինելու հանգամանքը՝ կապված իրադրության փոփոխությամբ, հետևաբար որոշել է դադարեցնել քրեական հետապնդումը, խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը ևս վերացվել է։ Գլխավոր դատախազությունից «Լուրեր»-ին հայտնել են, որ «դատարանի որոշումն ստանալու ու ուսումնասիրելու արդյունքում կորոշվի դրա դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը»։

Հրանտ Դավթյանը ԲՀԿ-ի պատգամավոր դարձավ 2012-ին, իսկ 2017-ին «Ծառուկյան» դաշինքի կազմում նորից անցավ խորհրդարան։ Դավթյանն ընդգրկված է նաև մի քանի բիզնեսներում՝ 15 տոկոս բաժնեմաս ունի «Այոս» ՍՊԸ-ում, որը գազալցակայան է շահագործում Շիրակի մարզում, Արմավիրի մարզում գազալցակայաններ են շահագործում նաև «Մանի գրանտ» ընկերությունը, որտեղ Դավթյանն ունի 50 տոկոս բաժնեմաս, և «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ն, որտեղ ունի 100 տոկոս բաժնեմաս։ Դավթյանին է պատկանում նաև Արմավիրի մարզում գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրը, իսկ վերջերս նա երկու այլ քաղաքացիների հետ հիմնել է «Գրանտ ռոզ» ՍՊԸ-ն, որտեղ ունի 33 տոկոսի մասնակցություն։

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...