«Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի մասնակիցները կծառայեն ԱՄՆ ռեժիմի շահերին»․ Զախարովա
ԱՄՆ-ն՝ դեկտեմբերի 9-10-ը կայանալիք «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» մասնակիցներին, ամերիկյան շահերը սպասարկելու «պատվավոր իրավունք» կտա։ Այս մասին՝ հինգշաբթի իր Telegram ալիքում, գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը ուշադրությունը հրավիրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հայտարարության վրա, ով ասել է, որ միջազգային հարաբերությունների համակարգը փոխակերպվում է, իսկ նրանց ներկայիս կառույցը՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ, որը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, աստիճանաբար դառնում է անցյալ։
«Հենց այն, ինչի մասին մենք խոսում ենք արդեն երեք տարի: Պետությունները ոչնչացնում են միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա հիմնված միջազգային հարաբերությունների համակարգը, որպեսզի ստեղծեն իրենց հարմարավետության գոտին, որում պատրաստվում են միանձնյա գերիշխել։ Հենց դրա համար Միացյալ Նահանգները կկազմակերպի ամբոխի տեսարան՝ «ժողովրդավարությունների գագաթնաժողովի» տեսքով, որի մասնակիցները կօժտվեն ամերիկյան ռեժիմի շահերը սպասարկելու պատվավոր իրավունքով»,- գրել է Զախարովան։
«Ջեյք Սալիվանի հայտարարությունը կարելի է գնահատել տարբեր կերպ՝ «ցինիկից» մինչև «սառնարյուն»։ Մի բան կա, որ չի կարելի հերքել: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ իրերն իրենց անուններով են կոչվել»,- ամփոփել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ այս միջոցառման նպատակը «մարդկանց, երկրներին ժողովրդավարականի և ոչ ժողովրդավարականի բաժանելն է»։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների իշխանությունները 110 նահանգների և երկրների են հրավիրել «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, որը կանցկացվի դեկտեմբերի 9-10-ը՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Այդ երկրների թվում են նաև Հայաստանը և Վրաստանը։ Հրավիրյալների ցուցակում չկան Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան, Եգիպտոսը և մի շարք այլ երկրներ։
Սյուզի Սիրականյան
civic.am