Ալիևները՝ կրկին կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. Լոնդոնում Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին պատկանող նոր բազմամիլիոնանոց անշարժ գույք է բացահայտվել

Alievner

   Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա ընտանիքի անդամներն ու մերձավոր շրջապատը կրկին հայտնվել են կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ Այս անգամ Ալիևների մասին բացահայտումներ է արել բրիտանական վերլուծական Chatham House-ը, որի հետաքննությունում ներկայացվում է, թե ինչպես են նախկին Խորհրդային միության մի շարք երկրների ներկայացուցիչներն ու ռեժիմները գույք ձեռք բերում Մեծ Բրիտանիայում։ Կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող նախկին խորհրդային հանրապետությունների օլիգարխներն ու բարձրաստիճան պաշտոնյաները Մեծ Բրիտանիայում ավելի քան 2 միլիարդ ֆունտ արժողությամբ գույք են գնել։ Հրապարակված զեկույցում նշվում է ,որ Լոնդոնում և Անգլիայի հարավ-արևելքում Ադրբեջանից, Ղազախստանից, Ռուսաստանից և այլ ավտորիտար երկրներից հարուստ էլիտաները 1998-2020 թվականներին գրեթե հարյուր անշարժ գույք են գնել։ Ցուցակում իր «պատվավոր» տեղն է զբաղեցնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընտանիքի հետ միասին։ Ըստ ցուցակի՝ Ադրբեջանի ներկայացուցիչներին վերագրվում է 27 անշարժ գույք, որոնց մեծ մասը նախագահ Իլհամ Ալիևին ու նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևա-Փաշաևայի ընտանիքին է պատկանում։ Ալիև-Փաշաև ընտանիքին պատկանում է շուրջ 14 անուն անշարժ գույք, որոնց մեծ մասը գտնվում է Լոնդոնում՝ Knightsbridge-ում։ Ցուցակում առկա մյուս անձինք ևս անմիջականորեն կապված են Ալիևների հետ։ Մասնավորապես, գործարար Աշրաֆ Քամիլովը, որն Ալիևների ընտանիքի մերձավորներից ու նրանց կոռուպցիոն, փողերի լվացման սխեմաների անմիջական մասնակիցներից է։ Նա նաև Ալիևներին պատկանող Ata Holding-ի ղեկավարն է։ Քամիլովը Լոնդոնում 11 անշարժ գույք ունի։ Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևին էլ պատկանում է երկու անշարժ գույք։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանցիներին շուրջ 500 մլն ֆունտ արժողությամբ գույք է պատկանում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ միջազգային մեկ այլ հետաքննությամբ էլ բացահայտվել էր Լոնդոնում Ալիևների ապօրինի ունեցվածքը։ Ըստ «Պանդորայի փաստաթղթերի»` Ալիևներն օֆշորային ընկերությունների մեծ ցանց են կառավարում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ապօրինաբար բազմամիլիոնանոց՝ 700 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք են ձեռք բերել։

Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...