Էկվադորում երկու շենք հայտնվել է գետնի տակ
Էկվադորի մշակութային ժառանգությանը պատկանող երկու շինություններ, որոնք գտնվում են Էլ Օրո նահանգում, անցել են գետնի տակ։ Եվս մեկ տուն մասամբ ավերվել է, զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին հայտնել են տեղի փրկարարները, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Դեկտեմբերի 15-ին Էլ Օրո նահանգի Սարումա կանտոնում Կոլումբայի և 10-րդ փողոցներում գրունտի փլուզում է տեղի ունեցել: Այս պահին զոհեր և տուժածներ չկան։ Երկու տուն է ավերվել (մշակութային ժառանգություն հանդիսացող), ևս մեկ տունը վնասվել է»,- ասված է Ռիսկերի և արտակարգ իրավիճակների կառավարման ազգային ծառայության կայքում։ Փրկարարները, նախազգուշական նկատառումներից ելնելով, հարակից շենքերից տարհանել են մոտ 300 մարդու։ Հարևան փողոցներում ևս այժմ հողի նստեցում է նկատվում։
Տաթև Ֆռանգյան