Ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Nissan Tiida-ն բախվել է բետոնե էլեկտրասյանը.
Այսօր՝ հունվարի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գյումրու հիվանդանոցի դի տեղափոխող ավտոմեքենային: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մ. Մքոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը կոտրվել է և բարձր լարման լարերն են պահում, որ սյունը չի տապալվում: Օպերատիվորեն ժամանել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր արդեն սկսել են աշխատանքներ՝ վնասված սյունը փոխելու ուղղությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակով տեղափոխվում է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ամբողջ հատվածը մերկասառույց է, տեղի ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ և միայն ողբերգական վթարից հետո են ժամանել, որպեսզի սկսեն իրենց աշխատանքը: Գյումրի-Երևան ավտոճանապարհն էլ սպասարկող ճանշինականների կողմից ամբողջովին ձյունը մաքրած և ճանապարհը աղ ու ավազով մշակված է:
shamshyan.com