«Հայասատանը ունի՞ տարածքային պահանջներ». թուրք վերլուծաբանի անդրադարձը հարաբերությունների կարգավորմանը. ermenihaber
Թուրք փորձառու լրագրող, վերլուծաբան Ջենք Բաշլամըշը, որը ժամանակին հետևել է 2008-ին մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհաջող գործընթացին, անդրադարձել է հատուկ ներկայացուցիչների մոսկովյան առաջին հանդիպմանն ու հայկական կողմի հնարավոր «հողային պահանջներին»:
«Հայասատանը ունի՞ տարածքային պահանջներ» հոդվածում նա առանձնացրել է Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունների տարածած հայտարարությանների հետևյալ նախադասությունը՝ «Կողմերը համաձայնության են եկել լիարժեք կարգավորման հասնելու նպատակով բանակցությունները առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ»:
Հոդվածի հեղինակը նախ նշում է, որ հայտարարության ամենակարևոր կետը «առանց նախապայմանների» ձևակերպման շեշտադրումն է։ Ապա պնդում է, որ հարաբերությունների կարգավորման հետագա փուլերում Թուրքիայի համար լինելու խնդրահարույց 2 թեմա՝
- Հայաստանի հողային պահանջատիրություն
- Հայոց ցեղասպանություն
«Մարդկանց գլուխներում ամենամեծ խառնաշփոթն առաջացնում է Հայաստանի՝ տարածքային պահանջներ ունենալ կամ չունենալու հարցը»,- գրում է Ջենք Բաշլամըշը և այդ համատեքստում հիշում Երևանում 2008-ի վերջին արտասահմանյան լրագրողների հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Այդ ժամանակ նա նույն թեմայով հարց էր ուղղել Սերժ Սարգսյանին: Եվ Բաշլամըշը հիշում է, որ Սարգսյանը նույնիսկ զարմացել էր, թե ինչու է այդ տեսակետը տարածված՝ շեշտելով որ որևէ հայ պաշտոնյա տարածքային պահանջների մասին երբևէ որևէ հայտարարություն չի արել:
Ըստ Բաշլամըշի՝ ցեղասպանության թեմայով էլ Սարգսյանն ասել էր, որ դեմ չի 2 երկրների միջև հանձնաժողովներ հիմնելուն, սակայն կարծում է, որ ավելի լավ կլինի, որ սկզբում բացվեն սահմաններն ու հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ։ Այնուհետև օրակարգ գան տարբեր տեսակի համատեղ հանձնաժողովներ ու ենթահանձնաժողովներ հիմնելու հարցերը:
Գալով այն հարցին, թե ինչպես է Թուրքիայում ընկալվում «հողային պահանջների» թեման՝ հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայում այդ հարցի մասին խոսելիս սովորաբար հղում են անում 2 փաստաթղթի՝ ՀՀ Սահմանադրությանը և Անկախության հռչակագրին:
«ՀՀ Սահմանադրության մեջ Թուրքիայից տարածքային պահանջների մասին ուղիղ ոչինչ չի ասվում: Սահմանադրության 13-րդ կետում, սակայն, այսպիսի նախադասություն կա՝
«ՀՀ զինանշանն է. կենտրոնում, վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները»:
Այսինքն,- եզրակացնում է հոդվածի հեղինակը,- ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն»։
Իսկ Անկախության հռչակագրից էլ թուրք վերլուծաբանը մեջբերում է 11-րդ հոդվածը, որտեղ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Այստեղ էլ հեղինակի համար խնդրահարույց է «Արևմտյան Հայաստան» արտահայտությունը, որն ըստ նրա՝ ընդգրկում է Օսմանյան Թուրքիայի արևելյան շրջանը՝ ներառյալ Արարատ լեռը: Այսպիսով, ըստ Բաշլամըշի, Անկախության հռչակագրում անուղղակի կերպով փաստորեն հողային հավակնություն է ներկայացված Թուրքիային։
«Գնդակը Երևանի դաշտում է» եզրափակիչ ենթավերնագրի ներքո էլ Բաշլամըշը գրում է.
«Այնպես է երևում, որ կարգավորման գործընթացը հիմնականում կախված կլինի Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից։ Եթե Երևանը ցանկանա, որ բանակցություններն անարդյունք լինեն, ապա հեշտությամբ կարող է խոչընդոտել գործընթացին՝ օրակարգ բերելով վերը նշված վիճահարույց հարցերը։ Բայց դատելով Հայաստանի իշխանությունների վերջին շաբաթների ուղերձներից՝ թվում է, թե Երևանի համար ներկայիս առաջնահերթությունը սահմանի բացումն ու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է։
Հետևաբար, հավանական վտանգ ներկայացնող այս 2 հարցերը Երևանի վարչակազմի կողմից կարծես թե առայժմ մի կողմ են դրվել»:
Աղբյուր` Ermenihaber.am