Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Ռազմական ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը և Պաշտպանության նախարարությանը զենք մատակարարած ընկերության տնօրեն, «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը կմնան կալանավորված:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը:
Իսկ գործով մյուս մեղադրյալ, Ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության նախկին պետ Արտյոմ Համբարյանի կալանքը փոխարինվել է 5 միլիոն դրամ գրավով:
Դատարանն այսպիսով մերժել է նաև Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատելու միջնորդությունը, որը ներկայացրել էին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: