Իրանը Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշմամբ արտահայտել է տեսակետը ՀՀ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու կարևորության մասին. դեսպան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի պաշտոնը ստանձնելու օրվանից անցել է շուրջ երկու տարի, և այժմ, ավելի քան երբևէ, լիահույս եմ երկու երկրների հարաբերությունների ավելի լավ ապագայի հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համաժողովին այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
«Հարգելի դեսպաններ, հարգելի գործընկերներ, հարգելի գիտնականներ, տիկնայք և պարոնայք:
Ուրախ եմ Ձեզ հետ ներկա գտնվելու Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համաժողովին։
Շնորհակալություն եմ հայտնում մեծարգո արտաքին գործերի նախարարներին այս համաժողովին ուղղված ուղերձ հղելու, կազմակերպիչների ջանքերի, ինչպես նաև համաժողովին Ձեր ակտիվ մասնակցության համար։
Երեսուն տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 9-ին, նոր էջ բացվեց Իրանի և Հայաստանի պատմական հարաբերությունների գրքում, և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունն ու նորանկախ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ Հարաբերություններ, որոնք միշտ եղել են բարեկամական և հիմնված բարիդրացիության վրա:
Այս երեք տասնամյակների ընթացքում երկու ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության վաղեմի ավանդույթը ամուր հիմք է հանդիսացել փոխըմբռնման, քաղաքական փոխգործակցության և, հետևաբար, երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար և օգնել մեզ հաղթահարելու բազմաթիվ վայրիվերումներ։ Այսօր մեր կառավարությունները, օգտվելով երկու երկրների ժողովուրդների մշակութային կապերի արդյունք հանդիսացող այս արժեքավոր կապիտալից, ավելի հաստատակամ քայլերով մտածում են հարաբերություններն առավել խորացնելու և նոր ոլորտներում համագործակցություն հաստատելու մասին: Տարածաշրջանի վերջին զարգացումներն իրենց հերթին անխուսափելի են դարձրել այս ուղղությամբ երկու երկրների ջանքերի կրկնապատկումը և նոր հորիզոններ են բացել մեր առջև։
Մենք նաեւ գտնվում ենք Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի նախաշեմին։ Քառասուներեք տարի առաջ այս օրերին Իրանի ժողովուրդը փառավոր հեղափոխության հաղթանակին ուղղված իր վերջին քայլերն էր ձեռնարկում, որն էլ բոլորի կողմից ընդունվում է, որպես քսաներորդ դարավերջի մեծ իրադարձություն։
Ուրբաթ օրը՝ փետրվարի 11-ին, նշելու ենք Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձը՝ ավելի լավ ապագայի ակնկալիքով, Իրանի ողջ նվիրյալ ժողովրդի հանդեպ պատասխանատվության զգացումով և մեր պարտականությունները իրագործելու ուղղությամբ ավելի մեծ ջանքեր գործադրելու հանձնառությամբ, հատկապես Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու գործում:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի պաշտոնը ստանձնելու օրվանից անցել է շուրջ երկու տարի, և չնայած բազմաթիվ վայրիվերումներին, որոնց ականատեսը եղանք, այժմ, երկու կողմերի համատեղ ջանքերի լույսի ներքո ավելի քան երբևէ լիահույս եմ երկու երկրների հարաբերությունների ավելի լավ ապագայի հարցում։
Այժմ, համառոտ կներկայացնեմ իմ տեսակետները երեք ոլորտներում հարաբերությունների վիճակի և առաջիկա անհրաժեշտությունների մասին:
Քաղաքական հարթությունում երկու երկրներն էլ գտնում են, որ շատ լավ հարաբերություններ ունեն։ Այս լավ քաղաքական հարաբերությունները պահպանելու համար անհրաժեշտ է, որպեսզի համատեղ ջանքեր գործադրվեն, հատկապես երկու երկրների ղեկավարների միջև շարունակական խորհրդակցությունների միջոցով։ Վերջին տարիների զարգացումները պետք է մեզ հանգեցնեն այն եզրակացության, որ տարածաշրջանի և երկկողմ հարաբերությունների կարևոր հարցերի շուրջ շարունակական խորհրդակցություններն ու միակարծությունը արդյունավետ է և, իհարկե, անհրաժեշտ։ Այս առումով, մասնավորապես երկու երկրների միջև ռազմավարական երկխոսությունների մեկնարկը, որի շուրջ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել, կլինի օգտակար և արդյունավետ:
Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ վերջերս կայացրած իր որոշումով, որի նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլում են, հստակորեն արտահայտել է իր տեսակետը տարբեր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները ընդլայնելու կարևորության վերաբերյալ։
2018 թվականին Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը համաձայնության են եկել երկու կողմերի միջև արտոնյալ առևտրային համաձայնագրի շուրջ, որն ակնհայտ ազդեցություն է ունեցել առևտրի աճի վրա։ Վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը տարեկան 1 միլիարդ դոլարի հասցնելու ջանքերը դիտարկել են, որպես իրագործելի նպատակ: 2021 թվականին, 2020 թվականի համեմատ, ականատես եղանք երկկողմ առևտրի ծավալների զգալի աճի ։
Այս աճը վկայում է այն մասին, որ առաջիկա տարիներին ավելի մեծ ջանքեր գործադրելու դեպքում, կիրականացվի առևտրաշրջանառության ծավալը տարեկան 1 մլրդ դոլարի հասցնելու նպատակը, ինչն էլ նշանակում է, Հայաստանի արտաքին առևտրում Իրան- Հայաստան առևտրի մասնաբաժինը կհասնի շուրջ տասը տոկոսի:
Երկու կողմերի համագործակցությունը ենթակառուցվածքային հարցերում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը, ամուր հիմք են ստեղծում ոչ միայն երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման, այլև տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման համար, որին մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք։
Այսօր, Հայաստանի տարածքով անցնող հյուսիս-հարավ տրանսպորտային նախագծի իրականացման արագացումը դարձել է ընդհանուր նպատակ, կայուն և հուսալի տրանսպորտային ուղիների շահագործման միջոցով երկու երկրների շահերը ապահովելու համար։ Բացի այդ, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում առևտրային փոխանակումների առատ կարողությունները անխուսափելի են դարձրել Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի հնարավորինս արագ գործարկումը։ Հայաստանի տարածքով անցնող հյուսիս-հարավ ճանապարհը կարող է կարևոր օղակ հանդիսանալ ռազմավարական այս երթուղու համար։ Այս ռազմավարական նպատակի իրագործումը պահանջում է լուրջ վճռականություն և ջանքերի գործադրում մեր կողմից։ Հուսով ենք, որ հայացք նետելով ապագային և ընդլայնելով գործադրվող ջանքերը, ականատեսը կլինենք Հայաստանի դիրքերի ամրապնդմանը այս տարանցիկ շղթայում։
Երրորդ և վերջին կարևոր խնդիրն է հասարակայնության հետ կապերի, գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտներում համագործակցությունը, որի մասին, կարտահայտվեմ օրեր առաջ հանդիպած մի հարգարժան հյուրի՝ խոսքերով: Նա գտնում էր, որ պետք է կոտրվեն այն սուբյեկտիվ պատնեշները, որոնք անտեսանելի պատի պես խանգարում են երկու երկրների ժողովուրդների, երկու երկրների մտավորականների և գիտնականների միջև շփումներին։ Այս պատը, եթե այն կա, անիրական է և այն միայն մեր մտքում է։ Մենք պետք է բոլոր օգտակար և գործնական ոլորտներում ջանքեր գործադրենք հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: Մեր ցամաքային և օդային սահմանները պետք է լինեն ավելի ակտիվ և դյուրին։ Երկու երկրների մտավորականները, գիտնականները և մշակույթի գործիչները պետք է ավելի լավ ճանաչեն մյուս երկրի հնարավորություններն և կարողությունները: Գործարարները պետք է ավելի լավ օգտագործեն առկա հնարավորությունները: Երկու երկրների ժողովուրդները պետք է ավելի շատ փոխայցեր կատարեն:
Իրանի և Հայաստանի ժողովուրդները մշտապես ապրել և ապրելու են կողք-կողքի։ Անկախ ներքին և արտաքին տարբեր խնդիրների վերաբերյալ մեր հայացքների և համոզմունքների բազմազանությունից և տարբերություններից, Իրան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը համարում եմ հայրենասիրական գործ :
Հաջողություն, բարգավաճում և բարօրություն եմ մաղթում Իրանի և Հայաստանի ժողովուրդներին, իսկ երկու երկրների հարաբերություններին՝ ավելի լուսավոր ապագա»,- ասված է դեսպանի խոսքում: