Երևանում «գոլդ» համարանիշներով BMW X6-ի վարորդը իր ավտոմեքենան ու Ford Focus-ը վերածել է մետաղե ջարդոնի
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում BMW X6 մակնիշի 11 VY 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրաչյա Քոչար փողոցի և Բարեկամության խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 30-ամյա Հովսեփ Ղազարյանի վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ford-ն էլ բախվել է երկաթե գովազդային վահանակին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքն ու շարժիչների հատվածում կատարել հովացման աշխատանքներ։ Ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի, Ford-ի անվահեծանն էլ կոտրվել և շպրտվել էր։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, 1-ին վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրից մի քաղաքացի, ով, ըստ օպերատիվ տվյալների, եղել է BMW X6-ի մեջ, փորձում էր ճողոպրել, սակայն գումարտակի հրամանատար Գ. Առաքելյանի, ավագ պարեկ Վարդան Խոցանյանի և 2 այլ պարեկների շնորհիվ հնարավոր եղավ նրան բռնել, ում մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակ, որից հետո պարեկները նրան տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ X6-ը վարել է քրեական պատմություններով հայտնի մի անուղղելի երիտասարդ, ում տվյալներն այս պահին չենք հրապարակում։ Իսկ նա նախկինում եղել է դատապարտված, հանրապետությունում էլ հայտնի բազմաթիվ ավտովթարների հեղինակ է։ Պարեկային ծառայությունը և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ BMW X6-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։