Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՄԱԿ-ում ՀՀ անդամակցության 30-ամյակին և Դիվանագետի օրվան

Mirzoyan

 Մարտի 2-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ անդամակցություն 30-ամյակին և Դիվանագետի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հասարակաքաղաքական գործիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկյա դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք։
Ելույթով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՄԱԿ-ում ՀՀ առաջին մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիյան, որը ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի ուղերձը։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև նորանշանակ դիվանագետներին վկայականներ հանձնելու հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև հայտարարվել է բարձրագույն դիվանագիտական աստիճանների շնորհման մասին։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է․
«44-օրյա պատերազմից հետո, այսօր ստեղծված իրավիճակում, երբ աշխարհն արագորեն փոփոխվում է, և Հայաստանի առաջ ծառացած են լրջագույն անվտանգային մարտահրավերներ, կարծում եմ՝ մենք, հարգելի՛ դիվանագետներ և գործընկերներ, պարտավոր ենք նախևառաջ բացել մեր միտքը, ապա և՝ աշխատել ուժերի գերլարմամբ և ծայրահեղ կարգապահությամբ՝ Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը վերականգնելու, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն կառուցելու, դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերություններն ավելի խորացնելու, մյուսների հետ մեր ունեցած խնդիրներն արժանապատվորեն հարթելու, Արցախի հայության իրավունքները պաշտպանելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, նրա մանդատի ներքո և բոլորին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա ԼՂ հիմնախնդիրը լուծելու, մեր ինքնիշխանությունն ամրապնդելու, ընդհանուր առմամբ՝ մեր հայրենիքի կենսական շահերը սպասարկելու` նրան իսկապես ծառայելու համար։ Ինչպես հենց ԱԳՆ-ում են սիրում իրավացիորեն նշել՝ արտաքին գործերի նախարարությունն, ըստ էության, ուժային կառույց է։ Եվ հենց այս տրամաբանությամբ պիտի նշեմ, որ մեզ բոլորիս անհրաժեշտ է աշխատել զորանոցային ռեժիմով՝ անշեղորեն իրականացնելու մեր այս առաքելությունը»։
Ամբողջական ելույթը հղումով․ https://www.mfa.am/hy/speeches/2022/03/02/UN_30/11326

Ձեզ կհետաքրքրի...