Ուրախ ենք, որ Ֆրանսիան պատերազմից հետո Հայաստանին տնտեսապես աջակցելու քաղաքական կամք է հայտնել. ՀՀ վարչապետ

Makron Nikol

Հարգելի պարոն նախագահ

Հարգելի ներկաներ,

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև ներկայումս առկա գլոբալ մարտահրավերների համատեքստում Հայաստանն այսօր կենսական կարիք ունի ամրապնդելու իր տնտեսությունը, նոր շունչ հաղորդելու տնտեսական քաղաքականությանը, այդ թվում՝ ներգրավելով նոր ներդրումային ծրագրեր։

Ուրախ ենք, որ Ֆրանսիան պատերազմից հետո քաղաքական կամք է հայտնել՝ տնտեսապես աջակցելու Հայաստանին և նորովի խթանելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը։

Ունենալով ֆրանսիական կապիտալով Հայաստանում ներկայացվածության հաջողված օրինակներ՝ «Ամունդի-Ակբա», «Վեոլիա», «Պեռնո Ռիկար», «Քարֆուր», ինչպես նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից իրականացված մի շարք ծրագրեր, նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հնգամյա ճանապարհային քարտեզն ընձեռում է լայն հնարավորություններ և հանդիսանում է կարևոր հիմք` ուղղված ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հավակնոտ գործակցության խթանմանը:

Այսօրվա համաժողովը և դրա հարուստ ու տպավորիչ ծրագիրը, անկասկած, վերջին ամիսներին իրականացված հետևողական քայլերի տրամաբանական շարունակությունն է և ստորագրված ճանապարհային քարտեզի կյանքի կոչմանն ուղղված առաջին քայլերից մեկը։

Ուստի, թույլ տվեք համոզմունք հայտնել, որ համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, հայ ու ֆրանսիացի գործընկերների միջև շփումներն իսկապես արդյունավետ կլինեն՝ սկիզբ դնելով բեղուն աշխատանքային համագործակցությանը և նոր ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը։ Հայաստանի կառավարության անունից կարող եմ հավաստիացնել, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայի համատեղ ծրագրերի արդյունավետ իրագործման համար։

Սիրելի բարեկամներ,

Նշելով հանդերձ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա հոբելյանը՝ չմոռանանք նաև, որ այս երեք տասնամյակը միայն մի կտորն է հայ-ֆրանսիական շփումների ու հարաբերությունների հարուստ խճանկարում։ Սկսած միջնադարից՝ հայ-ֆրանսիական շփումները եղել են մշտական ու բազմաշերտ։ Բավարար է միայն հիշատակել միջնադարում Ֆրանսիական ու Կիլիկիան Հայկական թագավորությունների միջև սերտ հարաբերությունները և մշակութային առնչությունները։

Դրա ամենամեծ խորհրդանիշերից մեկը Հայոց Կիլիկիան վերջին արքա Լևոն 6-րդ Լուսինյանն է, ում մասունքներն ամփոփված են Սեն-Դընի բազիլիկում՝ Ֆրանսիայի նշանավոր արքաների կողքին։

Հայ-ֆրանսիական հարաբերությունների մերօրյա կենդանի խորհրդանիշը Ֆրանսիայում, իհարկե, 700 հազարանոց հայկական աշխույժ համայնքի առկայությունն է, որը մեր արդյունավետ համագործակցության կարևոր շարժիչ ուժերից է և մեր ժողովուրդների միջև անխոչընդոտ համագործակցության ու հարատև եղբայրության առհավատչյան։

Չեմ կարող չանդրադառնալ 44-օրյա պատերազմին և այդ օրերին Ֆրանսիայի դրսևորած համերաշխությանը հայ ժողովրդի հետ։ Մասնավորապես՝ կցանկանայի հիշեցնել, որ նախագահ Մակրոնը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր, ով հստակ ու անկողմնակալ գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին։

Նույն կերպ ֆրանսիական հասարակությունը նեցուկ կանգնեց Հայաստանին ամենադժվար պահին, ինչն արտահայտվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ ի պաշտպանություն արցախահայության իրավունքների ընդունված բանաձևերում։

Այս համատեքստում կցանկանայի վերահաստատել Հայաստանի բարձր գնահատականը Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարևոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և հույս հայտնել, որ մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և նպաստել հաղորդակցության ուղիների բացմանն ու տնտեսական համագործակցության խթանմանը։

Անդրադառնալով այս կարևոր միջոցառմանը՝ կրկին կցանկանայի գնահատանքի խոսք ուղղել ֆրանսիական կառավարությանը և, մասնավորապես, նախագահ Մակրոնին, այս համաժողովի նախաձեռնության և մեկ տանիքի տակ հայ-ֆրանսիական համագործակցության բոլոր դերակատարներին հավաքելու համար։

Ուրախ եմ այստեղ ողջունել Ֆրանսիայի կառավարության անդամներին, ֆրանսիական հանրային ինստիտուտների ղեկավարներին, ֆրանսիական շրջանների, դեպարտամենտների ու քաղաքների ներկայացուցիչներին, ֆրանսահայ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց արժեքավոր ներդրման և հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրվածության համար։

 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.  armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...