Բաքուն անհանգստացած է. ԵՄ-ն կասկածի տակ է դրել Ադրբեջանի «ամբողջականությունը».
Ադրբեջանը վրդովված է մարտի 10-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւից, որը դատապարտում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում (հայկական անունը Արցախ է)։ Ի նշան բողոքի՝ Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեն հայտարարություն է ընդունել և ուղարկել Եվրախորհրդարան։ Հայտարարությունը դատապարտում է «կողմնակալ, կասկածի տակ դնելով միջազգային իրավունքով ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» բանաձեւը։
«Բանաձևը բացահայտորեն աջակցում է ագրեսիվ անջատողականությանը, ներառյալ՝ ազատագրված տարածքներում ադրբեջանական պատմական, կրոնական և մշակութային ժառանգության հայկականացմանը իրավական նշանակություն տալու փորձերը։ Փաստաթուղթը պատրաստվել է հայկական լոբբիստական խմբերի ազդեցության տակ և պարունակում է հայերի կեղծ հայտարարություններ»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով Եվրախորհրդարանի բանաձեւը։
«Այս բանաձեւը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Դրա միակ նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է»,- ասված է հայտարարության մեջ: Եվրասիա մամուլի միջազգային հիմնադրամի (IEPF) նախագահ Ումուդ Միրզաևը հայտարարել է, որ Եվրախորհրդարանը ևս մեկ անգամ արտահայտել է «իր հայանպաստ դիրքորոշումը»։ Նրա խոսքով, հայության շահերին սպասարկող բանաձեւը միայն բացասական ազդեցություն կունենա Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների զարգացման վրա։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի բանաձեւը, որով Ադրբեջանը մեղադրվում է Ղարաբաղի տարածքում պատմական հուշարձանները ոչնչացնելու մեջ, հիմնված է ապատեղեկատվության վրա։ Նրա խոսքով, Հայաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ տեղեկատվական պատերազմ է սկսել Ադրբեջանի դեմ։ Հաջիևն ասել է, որ պատերազմից հետո Հայաստանը շարունակել է տեղեկատվական պատերազմը, և այդ երևույթի դեմ պետք է պայքարել։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին Եվրախորհրդարանի բանաձեւն անվանել է «բացարձակապես անհիմն»։