Թուրքիայի ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ. «ԱՄՆ-ն և ՌԴ-ն պաշարում են Թուրքիան»
«Ծովային և գլոբալ ռազմավարությունների ուսումնասիրության թուրքական կենտրոնի» նախագահ, ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ ծովակալ Ջիհաթ Յայջըն կարծիք է հայտնել, որ ԱՄՆ և Ռուսաստանը շրջափակում և պաշարում են Թուրքիան:
Նրա պնդմամբ՝ Ուկրաինայի վրա ՌԴ հարձակումից հետո ակնհայտ է դարձել՝ Թուրքիայի հարող տարածքներում (Հունաստան) ԱՄՆ-ի ռազմական կուտակումները նախատեսված չեն եղել Ուկրաինային հնարավոր հարձակման դեպքում օգնելու համար, ինչպես պնդում էին ամերիկացի պաշտոնյաները: Ըստ Յայջըի ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն Ուկրաինային որևէ ռազմական օգնություն չեն ցուցաբերում: Հետևաբար, այս կուտակումների իրական նպատակը, ծովակալի համոզմամբ, Թուրքիան բազմաշերտ, տարբեր կողմերից և տարբեր դերակատարների կողմից պաշարելն է եղել:
Յայջըն նշել է, որ Թուրքիային բացի ԱՄՆ-ից շրջափակում է նաև Ռուսաստանը: Ըստ թուրք ծովակալի դիտարկման՝ Թուրքիան շրջափակելու և պաշարելու աշխարհագրությունը սկսում է Սև ծովից, հասնում մինչև Դեդեաղաչ (Ալեքսանդրուպոլիս՝ Հունաստան) և այնտեղից ձգվում մինչև Էգեյան ծով, Կիպրոսից դեպի Արևելյան Միջերկրական:
Յայջըի պնդմամբ՝ այդ աշխարհագրությունը ներառում է նաև Սիրիայում քրդական ուժերի զբաղեցրած հատվածները և Իրաքի հյուսիսը, որտեղ ակտիվ է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK):
Յայջըի խոսքով՝ երբ այս ամենին գումարվում է նաև Հայաստանը, ապա ընդհանուր պատկերը հստակ ցույց է տալիս, որ «սա ամբողջական իմաստով բազմաշերտ պաշարում է»: