Թուրքիայում պաշտոնապես վավերացվել է «Շուշիի հռչակագիրը»
Թուրքական պաշտոնական «Resmi Gazete» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2021-ի հունիսի 15-ին ստորագրված «Շուշիի հռչակագիրը» պաշտոնապես վավերացվել է:
Ըստ թուրքական պաշտոնաթերթի՝ հռչակագրում «Հարավային գազային միջանցքի» վերաբերյալ շեշտադրումներ կան:
«Նախագահի թիվ 5340 հրամանագրով վավերացվել է Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշայի հռչակագիրը։
Հռչակագիրը նախատեսում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և բազմակողմ համագործակցության խորացում: Երկու երկրների քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային, առողջապահական, կրթական, մարզական և հատկապես ռազմական ներուժը կիրացվի և համագործակցություն կլինի բոլոր բնագավառներում։
«Շուշիի հռչակագրում» նշվում է, որ «ադրբեջանական հողերն ազատագրվել են 30-ամյա օկուպացիայից»։
Հռչակագրի շրջանակներում Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում նախատեսվում է իրականացնել տարբեր նախագծեր: Հռչակագրում տեղ գտած ձևակերպումների համաձայն՝ Թուրքիան և Ադրբեջանն առաջատար դեր կխաղան ռազմավարական «Հարավային գազային միջանցքի» գործարկման հարցում, որը կապահովի բնական գազի պաշարների և հոսքագծերի դիվերսիֆիկացում, ինչը նպաստում է տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը: Թուրքիան և Ադրբեջանը կաշխատեն համակարգված՝ Հարավային գազային միջանցքի արդյունավետ օգտագործման և հետագա զարգացման ուղղությամբ։ Երկու երկրները կնպաստեն նաև էլեկտրաէներգիայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, որպեսզի ամրապնդվի տարածաշրջանի էներգետիկ մատակարարման անվտանգությունը՝ հաշվի առնելով համաշխարհային էներգետիկ ոլորտում տեղի ունեցող զարգացումները։
Հռչակագրում ընդգծվում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև միջանցքի («Զանգեզուրի միջանցք») բացման և Նախիջևան-Կարս երկաթուղու կառուցման կարևորությունը՝ որպես միջանցքի շարունակություն։
Ազգամիջյան /միջպետական-խմբ./ համաձայնագիր
Որոշում N 5340
Թուրքիայի նախագահի թիվ 9 հրամանագրի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն՝ որոշում է կայացվել վավերացնել «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ Շուշիի հռչակագիրը»։