Կառավարությունը կապահովի 38 զինվորի ստորին վերջույթների պրոթեզավորումը
Կառավարությունը 13 միլիոն 530 հազար դրամ կտրամադրի Զինվորի տանը 38 վիրավոր զինվորների ստորին վերջույթների պրոթեզավորումն ավարտին հասցնելու նպատակով։
Այսօր կայացած նիստում նման որոշում ընդունել է Կառավարությունը:
44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորման հետևանքով ստորին և վերին վերջույթների ամպուտացիաներ ունեցող զինվորների պրոթեզավորրման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը Զինվորի տանը որպես նվիրատվություն տրամադրել է պրոթեզավորման համար անհրաժեշտ նյութեր, վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օժանդակ պարագաներ և այլ նյութեր։
Զինվորի տան կողմից իրականացված պրոթեզների պատրաստման, տեղադրման, ընթացիկ սպասարկման, նորոգման ծառայությունները մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ֆինանսավորվել են բարերարների աջակցությամբ։ Սակայն այս պահին ֆինանսական ֆոնդը սպառված է։ Ներկա դրությամբ 38 վիրավոր զինվորների 41 ստորին վերջույթների պրոթեզավորումն ավարտին հասցնելու նպատակով անհրաժեշտ է 13 միլիոն 530 հազար դրամ։