Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանները. Չավուշօղլու
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր. Հայաստանը պետք է դրան դրական արձագանքի։
Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ես ուզում էի, որ մենք երեքով (Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները) հանդիպեինք Անթալիայում, բայց հնարավոր չեղավ նման հանդիպում անցկացնե: Սա միայն սկիզբն է, երկար տարիներ հարաբերություններ հաստատված չեն եղել, մեկ օրում ամեն ինչ հնարավոր չէ կազմակերպել»,- ասել է Չավուշօղլուն։
Խոսելով սահմանների բացման մասին, Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք պատրաստ են դրան:
«Պատերազմն ավարտված է, դրանից դասեր քաղել է պետք։ Կովկասում կայունության հաստատման համար քայլեր պետք է ձեռնարկվեն։ Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք մեր սահմանները։ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Ընտրությունից հետո դրական ազդակներից բացի հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք, որոնք 2 անգամ հանդիպեցին, բայց մշտապես հեռախոսազրույց են ունենում։ Վստահությունն ավելացնելուն ուղղված քայլեր կատարեցինք, թռիչքները վերսկսվեցին»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ երկաթուղու վերաբացման համար ևս աշխատանքներ են տարվում, կան նաև այս ուղղությամբ քաղաքական շփումներ։